Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ լսում էի նրա կենսաթրթիռ ծիծաղը, որի մեջ կարծես գարնանային չարաճճի վտակ էր քչքչում, ամեն անգամ, որ առնում էի նրան գիրկս և ականջիս մոտ լսում նրա կուսական կրծքի հևքը, այտերիս վրա զգում նրա թավիշ-մազերի էլեկտրականացնող շփումը — ինձ տիրում էր այնպիսի մի խենթ զգացում, որի ազդեցության տակ պատրաստ էի գործել և՛ ամենամեծ առաքինությունը, և՛ ամենամեծ ոճիրը — միայն թե նա հրամայեր։

Սիրո՞ւմ էր նա ինձ նույնպես — այդ ես այժմ չգիտեմ, բայց այն ժամանակ լիովին հավատում էի, որ չի կեղծում, երբ հավատացնում էր, թե սիրում է, և երդվում էր, թե մահն անգամ չի կարող անջատել մեզ իրարից։

Այն ժամանակ վերջին կուրսի ուսանող էի և շուտով պիտի ավարտեի իրավագիտական ֆակուլտետը։ Վստահ երիտասարդական թարմ ուժերիս և մանավանդ հասարակական լայն գործունեության բուռն տենչանքիս վրա՝ լցված էի փառավոր ապագայի վառ հույսերով։ Ոգևորված այդ ապագայով և խրախուսված երջանիկ սիրով, բուռն եռանդով, առանց հանգիստ առնելու, պատրաստում էի ավարտական դիսերտացիա, որը ապագա մեծությանս ու փառքիս հաստատուն հիմնաքարը պիտի հանդիսանար։

Բայց...

Օ՛հ, այդ «բայց»-ը...

Այժմ էլ, երբ ամեն ինչ կորած է, ամեն ինչ խորտակված վերջնականապես ու անդարձ, այժմ էլ, երբ հիշում եմ այդ մոմենտները, քիչ է մնում ճչամ հոգեկան կարեվեր մի ցավից— այն աստիճան այդ մոմենտները դեռևս չեն կորցրել ինձ համար իրենց սրությունը։

Սակայն շարունակեմ պատմությունս։

Մի անգամ, երբ հեռու հյուսիսում ուսանողական մենակյաց սենյակումս փակված, դիսերտացիայիս վերջին գլուխներն էի գրում, մի նամակ ստացա, որի մեջ ապշեցուցիչ անողոք անկեղծությամբ գրում էր նա, որ իր սիրո նախկին հավաստիացումներն ընդունեմ իբրև ցավալի թյուրիմացություն և աշխատեմ մոռանալ իրեն, որովհետև ինքն ուրիշի կինն է լինելու շուտով։ «Գիտեմ, այս բանը շատ էլ հաճելի չպիտի լինի քեզ համար, բայց ի՞նչ արած, աշխարհիս մեջ