Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և նյութապես զրկված, վերադարձել է տուն, իր հարազատների մոտ, ուր դառն ու սրտամաշ հիշողություննԼրով պաշարված՝ թունավորված են իր հանգստի ժամերը, հոգու խաղաղությունը, այն ամենը, որ վայելում է ամեն մի աշխատավոր, բացի միայն հայ ուսուցչից, հասարակության համար նոր սերունդ կրթող ու դաստիարակող այդ դժբախտ աշխատավորից, որը անօգնական՝ թողնված է ճակատագրի կամքին, որի վիճակի մասին մտածող ու հոգացող չկա։ Սա ի՜նչ զարհուրելի դրություն է. դեռ երկա՞ր պիտի շարունակվի այդ դրությունը և երբևիցե պիտի փոխվի՞, թե ոչ...

Ամիրյանը այլևս ոչինչ չուզեց մտածել. այդ մտածմունքները նոր ու նոր վերքեր էին բացում նրա սրտում և ամբողջապես խառնում նրա հոգու խորքում տարիներից ի վեր կուտակված մաղձը։

Նա դարձավ կողքի վրա դեպի բաց պատուհանը և հայացքն ընկավ քրոջ վրա։

Քույրը նստած էր գլուխը հակած կարի մեքենայի վրա, որի չխչխկոցը մերթ դադարում էր հանկարծ, մերթ նորից աղմկում։ Պառկած տեղից Ամիրյանը տեսնում էր նրա գլուխը միայն, ծոծրակին կծիկ արած առատ մազերով և դեմքի ինքնամփոփ, թախծալի-կենտրոնացած հայացքով։ Այդ հայացքը ցույց էր տալիս, որ այդ միջոցին նրա ուշքն ու միտքը կենտրոնացած էր ո՛չ իր կարի, այլ բոլորովին ուրիշ բանի վրա։

«Մտածում է,— ասաց ինքն իրեն Ամիրյանը, առանց աչքը հեռացնելու քրոջ դեմքից,— ինչի՞ մասին, ո՞ւմ մասին... Մի՞թե իմ... Այո, ի՛մ մասին, իմ մասին»,— մտովի պատասխանեց նա իր հարցումին, առանց մի րոպե անգամ կասկածելու, և նրա հոգու խորքում մի լար շարժվեց լացագին։

Ամիրյանը, ինչպես և առհասարակ եղբայրները, մի առանձին սեր չէր տածում դեպի քույրը, պատանի հասակում ամեն մի չնչին բանի համար կռվում էր նրա հետ և նույնիսկ ծեծում, չնայելով, որ փոքր էր նրանից, լավ հիշում էր, մի անգամ այնպես ձիգ տվեց նրա մազերից, որ մի փունջ ձեռքին մնաց։ Բայց այժմ, տեսնելով քրոջ դեմքին այդ ինքնամփոփ, թախծալի-կենտրոնացած հայացքը, մեկեն զգաց, որ ոչ ոքի այնպես մեղմ, քնքուշ սիրով չի սիրում, ինչպես նրան,