Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՎԻՊԱԿՆԵՐ

ՃՇՄԱՐԻՏ ԲԱՐԵԿԱՄԸ
Հայոց կյանքից
1

Սենյակն, ուր պիտի տանեմ ձեզ, ընթերցո՜ղ, բավականին ընդարձակ է և զարդարված եվրոպական ընտիր ճաշակով։ Ավելորդ է նկարագրել ձեզ մի առ մի այդ սենյակի զարդարանքները և կահավորումը. դուք առանց այդ էլ, չկարծեմ, թե տեսած չլինեք այդպիսի սենյակներ, որոնցից ներկա ժամանակս շատ են գտնվում և՛ Թիֆլիսի գլխավոր փողոցների վերա կանգնած հոյակապ տներում և որոնց փայլը շլացնում է ամեն մի չքավորի աչքերը։ Շատ կարելի է, որ դուք հենց այդպիսի սենյակներից մեկումն եք կարդում այս տողերը։

Առավոտ էր, ժամի տասը։

Սենյակի լուսամուտները բոլորովին բաց էին, և մայիսյան արևի կենսատու ճառագայթները, ներս թափանցելով սենյակը, նրա գեղեցիկ ներկած հատակի վերա նկարում էին լուսամուտների վայր թողած ասեղնագործ վարագույրների ծաղիկների ստվերները։ Լուսամուտների առջև, ներքևը, բակի մեջ գտնված կանաչազարդ պարտեզը յուր հազարավոր նորաբաց ծաղիկներով ու վարդերով, որոնք իրենց բազմագունով մի հրաշալի տեսարան էին ներկայացնում և որոնք լցրել էին օդը մի տեսակ թարմ ու անուշ բուրմունքով — ծիծաղում, խնդում էր արևի ոսկեզօծ ճառագայթների տակ։ Իսկ թռչունների գեղգեղանաց ուրախ ճռվողյունը ցույց էր տալիս, թե մինչև որ աստիճան սիրելի են նրանց մայիսյան այդպիսի օրերն և ազատ բնությունը։