Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կայանում էր միայն նրանում, որ յուր սովորությունից դուրս գալով՝ նա սկսում էր շատ խոսել, պահպանելով յուր մշտական լրջությունն ու սառնասրտությունը։ Եվ այդ այն ժամանակ էր միայն պատահում, երբ անշուշտ հարկավոր էր լինում մի որևիցե կարևոր և դժվար խնդիր լուծելու։ Խոսելիս նա շատ քիչ էր նայում յուր խոսակցի դեմքին, այլ աչքերը կենտրոնացնում էր մի կետի վրա կամ շրջում էր այս ու այն կողմը։ Շատ քիչ դեպքերում էր նա ժպտում, իսկ ծիծաղել՝ հազարից մի անգամ, և այդպիսի դեպքում միայն նա երևացնում էր յուր երկու կարգ սպիտակ ու փայլուն ատամները։ Առհասարակ նրա բոլոր արտաքին տեսքը նայողի վերա մի տեսակ անբացատրելի ազդեցություն էր անում։ Շատ կանայք, մանավանդ նրանք, որոնք հասկանում են, թե ինչ է «տղամարդի գեղեցկություն», նրան հանդիպելիս, անկարելի էր, որ նրա վերա միայն մի հայացք ձգելով բավականանային։

Եվ այժմ, երբ նա, նստած Գ. Զաքարյանի շքեղ հյուրասենյակում, լսում է վերջինիս միամիտ երկարաբանությունները, Եղիսաբեթը, որ նստած է նրա դիմացը, նայում է այդ օտարոտի մարդուն և, զարմանալի է, որքան նա շատ է նայում նրան, այնքան ավելի է կամենում նայել. կարծես նրա աչքերը բևեռած լինեին այդ մարդու ազնիվ և լուրջ դեմքի վերա մի անհայտ զորությունից, որին հաղթելու նա յուր մեջ այնքան ուժ չէր զգում։ Նրա դեմքի վերա այդ րոպեին կարելի էր նկատել մի տեսակ հոգեզմայլություն դեպի այդ մարդը, որից և պարզ երևում էր, որ եթե ամբողջ ժամերով նա այդպես նստած միշտ նայեր նրան, երբեք չէր հոգնի։ Առհասարակ նրա բոլոր արտաքին տեսքը, որը մասամբ արտահայտությունն էր նրա հոգեկան դրության, ցույց էր տալիս, որ նա մի տեսակ հարգանք է զգում դեպի այդ մարդը. բայց ո՛չ, այդ մարդու հետ նա նոր էր ծանոթացել, յուր ողջ կյանքի, մեջ նա այդ մարդուն առաջին անգամն էր տեսնում և խոսում նրա հետ, ուրեմն ինչպես կարող էր նա նրան հարգել և ինչո՞ւ, այդ զգացմունքը հարգանք չէր, այլ դրա նման մի բան և դրանից ավելի բարձր, ավելի ազնիվ, ավելի քնքուշ ու քաղցր, բայց իսկապես ի՞նչ— այդ յուր համար ևս անբացատրելի էր...