Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չգիտեր թե ինչ աներ. նա մոտեցավ Սուրեն Արևելյանին և հարցրեց.

— Դուք թուղթ խաղո՞ւմ եք, պարոն Սուրեն Արևելյան։

— Երբեմն։

— Կկամենա՞ք այժմ խաղալ:

— Մեծավ ուրախությամբ, տիկին։

— Ա՛յ թե լավ բան մտածեցիր, Լիզա,— կանչեց ուրախությամբ Գ. Զաքարյանը:— Ես հո այդ բոլորովին մոռացել էի: Ճաշից հետո առհասարակ մի բան խաղալը բժշկական տեսակետից լավ է հո... բրա՜վո, բրավո՛, Լիզա։— Գ. Զաքարյանը ծափ տվավ։

Եղիսաբեթը բացեց սեղանը և խաղաթուղթ պատրաստեց։

— Պարոններ, ի՞նչ եք կամենում, որ խաղանք,— հարցրեց նա:

— «Дурачки»,— հանկարծ գոռաց Գ. Զաքարյանը և ուրախ կերպով սկսեց քրքջալ։— Ես բացի այդ ուրիշ խաղ չեմ իմանում, և այդ խաղն ես շատ եմ սիրում, թեպետև այդ խաղալիս «дурак»-ը— հիմարը ես եմ մնում միշտ... Եղիսաբեթն էլ սկսեց ուրախ կերպով ծիծաղել, իսկ Սուրեն Արևելյանը միայն ժպտաց։ Նրանք շարվեցին սեղանի շուրջն և սկսեցին խաղալ։ Գ. Զաքարյանը սուտ չէր ասում. նա շատ անընդունակ էր և այդ պատճառով ամեն անգամ «дурак»-ը նա էր մնում, որով և ստիպում էր Սուրեն Արևելյանին ժպտալ, իսկ Եղիսաբեթին՝ մի կուշտ ծիծաղել։

— Է՛հ, էլ չեմ կամենում այս խաղը,— վերջապես կանչեց Գ. Զաքարյանը իրեն նեղացած ձևացնելով յուր անհաջողությունից և խաղաթղթերը սեղանի վերա ցրվելով։— Այսքան «дурак»-ները որ գումարենք վերջն ես խելագար կդուրս գամ...— Եվ նա վեր կացավ տեղից։

Եղիսաբեթը թուլացավ ծիծաղից, իսկ Սուրեն Արևելյանն ասաց ժպտալով.

— Բարեկամ, ինչո՞ւ ես այդպես շուտ տաքանում, չէ որ քո սիրած խաղն այդ է։

— Այո, այդ է, բայց... այժմ ես դրան ատեցի։ Այժմ գիտե՞ս ինչ կա, Լիզա,— դարձավ Գ. Զաքարյանը յուր կնոջը,— դու կնստես դաշնամուրի առաջ և մեզ համար մի լավ, մի սքանչելի բան կնվագես ու կերգես։ Հա՛, Սուրեն,— հանկարծ