Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ղվինո (գինի)։

Իմերելը չքացավ և մի քանի րոպեից հետո երևաց ձեռքին մի մեծ արծաթյա բաժակով, որ թափվելու չափ լցրած էր մուգ֊կարմիր գինով։ Աղա Յագոր Բուղդանիչը առավ բաժակը նրա ձեռքից, և մինչև կեսը մի շնչով խմելուց հետո, «Օխա՜յ» շունչ քաշեց ու սրբեց բեղերը, թեև ոչինչ չկար նրանց վերա։ Նա երկրորդ անգամ բաժակը մոտեցրեց շրթունքներին և հենց կամենում էր մնացած գինին էլ ծծել, երբ հանկարծ նրա հետևից լսվեց մի սաստիկ ճիչ և վայր ընկնելու մի խուլ ձայն։ Առանց բաժակը ձեռքից թողնելու, նա շուռ եկավ հետևը և յուր աղջկան անշնչացած պատշգամբի վերա տարածված տեսավ։

Նրա գինին «հառամ էլավ»։

Բ

Վերոհիշյալ անցքից անցել էր երեք օր։ Գիշեր էր. հեղեղանման անձրևը թափվում էր վերևից, երբեմն֊երբեմն որոտի սարսափելի թնդյունները խլացնում էին անձրևի շփշփոցը։

Չ... թաղի եռահարկ տներից մեկի ներքին հարկի փոքրիկ և խոնավ սենյակներից, կամ ավելի լավ ասած, խուցերից մինում, սեղանի վերա շուրջն աղոտ լույս տարածելով՝ վառվում էր մի փոքրիկ լամպա, նրա ծխից սևացած ապակին կոտրված էր, և կոտրվածը թղթով կպցրած։ Ցերեկը այդ խուցը լուսավորվում էր մի ոչ այնքան մեծ լուսամուտով, որի կեսն էր միայն փողոցից վեր գտնվում։ Լուսամուտի առաջ դրված էր սեղանը, որի վերա խառնիխուռն միմյանց վերա թափված էին գրքեր, թղթեր, լրագրի մի քանի համարներ, հացի փշրտանք, գրիչ, թանաքաման և ուրիշ բաներ, իսկ սեղանի առաջ դրված էր մի հին մահճակալ յուր հին անկողնով, որ միևնույն ժամանակ ամբողջ սենյակի մեջ և աթոռի տեղ էր ծառայում։ Սենյակում այլևս ուրիշ ոչինչ չէր երևում, բացի մի ինչ֊որ հին վերարկուից, որ կախված էր պատից մեկ անճոռնի ձեռնափայտից, որ դրված էր անկյունում։ Պատերը սաստիկ խոնավ էին, որից և սենյակում մի տեսակ ծանր օդ էր փռված։