Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երիտասարդներ միմյանց առաջ հազար ու մի կոմպլիմաններ են թափում— մի խոսքով, որ կողմը դառնայիր — ամենուրեք — ժպիտ, ծիծաղ, ուրախություն, բերկրանք...

Բայց այդ ընդհանուր ուրախությանը չէր մասնակցում մեկը։— Դա մի կին էր, որ այդ ժամանակ գտնվում էր այգիից ոչ այնքան հեռու գտնված մի գեղեցկաշեն տան վերին հարկի սենյակներից մեկում, որի բոլորովին բաց պատուհանները նայում էին դեպի այգին։ Նա նստած էր սենյակի մեջտեղում դրված կլոր սեղանի առաջ՝ բազկաթոռի վերա։ Նրա գլուխը կարծես ակամայից թույլ կերպով ընկած էր ձախ ուսի վերա, իսկ աջ ձեռքը դանդաղ կերպով շարժում էր գրիչը, առջևը դրված թղթի վերա։

Դեռ մի քանի րոպե նա այդպես գրում էր, հետո երևի, հոգնելով, գրիչը վայր դրեց կամ, ավելի լավ ասած, գրիչը վայր ընկավ նրա ձեռքից և, մի քանի վայրկյան անշարժ մնալուց հետո, նա կամաց վեր կացավ տեղից, և օրորվելով, ինչպես նոր ոտը լինող մի մանուկ, հազիվհազ մոտեցավ պատուհաններից մեկին։ Մեղմ հովիկը դրսից շոյեց նրա դեմքը, և նա ազատ շունչ առավ։

Նա շատ նիհար, դեղնած դեմքով, բարձրահասակ, մոտ քսաներեքամյա մի կին էր։ Ինչպես երևում էր՝ նրա մարմինը մի ժամանակ բոլորովին կանոնավոր կերպով էր կազմված եղել, իսկ ինքը բավական գեղեցիկ, բայց այժմ նրա խիստ հիվանդության պատճառով, որ աչքի էր ընկնում հենց առաջին հայացքից, նա ավելի մի անդրգերեզմանային ոգու էր նմանում, քան կենդանի արարածի։ Նրա սպիտակ, տանու հանդերձը, որ մի տեսակ փայլ էր տալիս նրա դեղնած դեմքին, իջել էր մինչև ոտները և կանգնած էր նրա մարմնի վերա բոլորովին ազատ։ Սև մազերը, որոնցից մեծ մասը թափված էր երևում, բոլորովին արձակ, մինչև անգամ խճճված, փռվել էին նրա ուսերի վերա, իսկ դեղնած, ոսկրացած ձեռքերի բարակ կաշվի միջից երևում էին նրա կապույտ երակները։

Երկու րոպեի չափ անշարժ, որպես արձան և մեծ ու սևորակ աչքերը դեպի դուրս, մի կետին հառած՝ նա կանգնած էր պատուհանի առաջ։ Նրա դեմքի վերա նշմարվում էր մի տեսակ, ավելի խոր վշտի նմանող, մելամաղձոտ արտահայտություն,