Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժողովրդի շրջանում։ Բերնե-բերան լեգենդներ էին պատմում նրա անվրեպ գուշակությունների և բժշկությունների մասին, այնպես որ տարվա բոլոր եղանակներին և շաբաթվա բոլոր օրերին նրա ընդունարանը լիքն էր լինում ամեն ազգի, ամեն հասակի ու սեռի, գլխավորապես կին այցելուներով, որոնք ժամերով հերթի էին սպասում։ Այդպիսի պայմաններում հեշտ չէր նրան տանից դուրս բերել առանց խոշոր և կանխիկ վարձատրության։ Թորոսը մի քանի գրոշներ ուներ հոգեպահուստ, մնացածը լրացրին սրտացավ բարեկամներից ոմանք, մի կլորիկ գումար կազմեցին, տվին Օսանի ձեռքը և ղրկեցին գրբաց Գրիգորի մոտ։

Գրբաց Գրիգորը սկզբում չեմուչում արեց, փողը քիչ համարեց, ասաց, թե ժամանակ չունի, վերջը, անսալով Օսանի ճարտար լեզվին, համաձայնեց և խոստացավ հետևյալ օրը ճաշից հետո այցելել հիվանդին։

Մոտ քառասուն տարեկան մսեղ մարդ էր նա, պստիկ ժպտուն աչքերով, կլորիկ, մաքուր սափրած կարմիր դեմքով, բաճկոնի տակ հագած դեղին չեսունչի արխալուղով, ոսկեզօծ նեղ քամարով և ձեռքին շարունակ մի կարճ համրիչ դեղին հատիկներով, որ նա ավելի շուտ ափից ափ էր նետում, քան հատիկները գցում։

Հետևյալ օրը ճաշից հետո նա կատարեց իր խոստումը և եկավ Օսանի առաջնորդությամբ։ Նրա ճարպոտ դեմքից, մի քիչ ծուռ դրած գդակից և սովորականից ավելի ժպտուն աչքերից երևում էր, որ լավ կերել-խմել էր։

Եկավ, ու թաղը նորից դրնգաց։ Այս անգամ հետաքրքրությունն ավելի մեծ էր, քան նախորդ օրը, երբ նոր էր տարածվել Մարթայի խելագարության լուրը։ Թաղի կանայք, իրար ձեն տալով, վազում էին, որը ծծկեր երեխային խտտած, որը ոտաբոբիկ, որը շտապելուց չուստի մեկը մոռացած, մյուսը քարշ տալով ոտին, որը գլխի աղլուխի ծայրերը շտապ կապելով, որը կուրծքը կոճկելով։ Ու ամենից առաջ, թաղի անթիվ երեխաները, համարյա թե տկլոր ու ոտաբոբիկ, թռչկոտալով ու ծկլթալով։

Դեռ նախորդ օրվանից, թախտը տեղահան անելուց և գետինը քանդելուց հետո, Մարթան բոլորովին հանգստացել