Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Գործս տարա։ Վաղն առավոտյան գնացքով այդտեղ եմ։ Զազունյան»։ Նա մեկ էլ կարդաց, դարձյալ ոչինչ չհասկացավ և հեռագիրը լուռ մեկնեց Զաքարին։ Նրա ձեռքը թեթև դողում էր։

— Ի՞նչպես է, վերջապես գալի՞ս է, թե ոչ,— կանչեց Զաքարը, հեռագիրն առնելով։

— Ի՞նչպես ես ներս ընկնում, վախեցրիր,— հանգիստ, մինչև անգամ սառնությամբ նկատեց նրան էմման։

— Ուրախությունից, ուրախությունից, սիրելիս։ Ներիր, եթե վախեցրի։ Աննան չի՞ եկել այսօր․ մեկ նրան էլ ավետեմ։ Դիմավորելու դո՞ւ էլ կգաս երկաթուղու կայարան։

— Ե՞ս ինչու պիտի գամ,— այս անգամ արդեն ուղղակի սառնությամբ պատասխանեց էմման, առանց նրան նայելու։

— Հա, քո կամքն է,— շտապով վրա բերեց Զաքարը։— Առավոտյան այնպես վաղ, ես ինքս էլ չեմ տանի քեզ․ ո՞վ գիտե, դարձյալ չմրսես, ավելի լավ է, ես մենակ կգնամ, կդիմավորեմ և հենց այնտեղից ուղղակի կբերեմ այստեղ թեյի։ Ի՞նչ կասես։

— Ինչպես կամենում ես,— պատասխանեց էմման և վեր կացավ տեղից։— Ասե՞մ սեղան պատրաստեն,— հարցրեց նա։

— Իհարկե, իհարկե։ Ուրեմն այդպես․ վաղն առավոտյան․․․

էմման է՛լ չլսեց նրան և դուրս գնաց։

Սեղան նստած ժամանակ նա համարյա բոլորովին չէր խոսում և եթե խոսում էր, այն էլ սաոնությամբ, սակայն, երեկոյան, երբ Աննան եկավ նրա մոտ, նա հանկարծ սաստիկ ուրախություն զգաց, ինքն չիմացավ, ինչ բանի համար։

— Ավետիք տամ ձեզ, տ․ Աննա,— բացականչեց Զաքարը։— Զազունյանը գալիս է։

— Ա, վերջապե՜ս,— ասաց Աննան։

— Դուք ցանկանում էիք նրան տեսնել և ահա վաղն առավոտյան անպատճառ կտեսնեք։

— Այո, ես շատ եմ հետաքրքրվում տեսնել ձեր այդ զարմանալի՝ «ազնիվ» և «առաքինի» մարդուն։