Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատճառով ոչ ես կասեմ ձեզ իմ մեղադրանքը, ոչ էլ դուք՝ ձեր պաշտպանությունը կամ... ներողությունը— այդ ավելորդ է... Բայց այժմ կարծում եմ, որ ձեր այցելության համար ես պարտական եմ ամուսնուս։

— Սխալվում ես, Էմմա, ինքն էր գալիս այստեղ։

— Հա֊ա՞... ավելի լավ,— բացականչեց Էմման։— Սակայն, այս էլ եմ կարծում, որ այս երկու օրն, առանց մեզ, պետք է որ ձանձրանալիս լինեիք, ինչքան էլ զբաղված լինեիք որևէ գործով։ Ներեցեք ինձ, որ ես համարձակվում եմ այդպես կարծել և այդ ուղղակի ասում եմ ձեզ, որովհետև— ես ճշմարիտը կասեմ— հենց սկզբից կարծել եմ, որ ձեզ համար մեծ նշանակություն ունի մեզ այցելելը, ինչպես և մեզ համար մեծ նշանակություն ունի ձեր ներկայությունն այստեղ։

— Դուք կատարյալ իրավունք ունիք այդպես կարծելու,— պատասխանեց Զազունյանը։— Ինձ համար միշտ մեծ պատիվ է ձեզ այցելել։

Նա շփոթված և զարմացած նայում էր Էմմային։ Ի՞նչ է նշանակում այս, Էմման այդպես համարձա՞կ, այդպես աշխո՞ւյժ, այդպես արագախոս և պարզախո՞ս.․. Նա նախ նայեց Զաքարին, հետո Աննային, կարծես նրանցից սպասելով այդ հանելուկի բացատրությունը. Զաքարի դեմքին նա տեսավ զարմանքի նման մի բան, իսկ Աննայի դեմքին— հազիվ նկատելի մի հեգնական ժպիտ, որ կարծես ասում էր— գիտեմ, գիտեմ ինչ է նշանակում այդ...

— Իսկ դո՞ւ ինչ կասես, Էմմա, որ այս պարոնը հեռանում է վաղը,— ասաց Զաքարը։

— Ի՞նչ,— կասես սաստիկ վախից հանկարծ ցնցվելով, արտասանեց Էմման և արագ նայեց Զազունյանին։ Մի ակնթարթում նրա գույնը թռավ։

— Վա՞ղը,— հարցրեց երկարացնելով և կարծես ինքն իր ձայնից վախենալով։

— Այսինքն վաղը կամ մյուս օրը,— ուղղեց Զաքարն իր սխալը։

— Այո՞,— նույն կերպ հարցրեց Էմման, գլուխը անզգայաբար փոքր-ինչ առաջ տանելով և շարունակ նայելով ուղղակի Զազունյանի աչքերին։

— Այո,— պատասխանեց Զազունյանը շփոթված։