Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դասում էր այն մարդկանց կարգը, որոնք միշտ ուրախ, միշտ անհոգ՝ անընդունակ են որևէ բան իրենց սրտին մոտ ընդունելու, խոսում են ամեն բանի մասին, բայց լուրջ կերպով չեն խոսում ոչ մի բանի մասին և սիրում են մի տեսակ ծաղրածուի դեր կատարել մասամբ իրենց չնչինությունը ծածկելու և մասամբ հասարակության մեջ սրամիտ ու սրախոս մարդու համբավը վայելողի անմեղ փառասիրությանը գոհացում տալու համար։

Մանեն նստած էր ծառի վրա կախված լապտերի տակ, այնպես որ նրա դեմքը կիսախավարի մեջ էր։ Նա ետ էր ընկել աթոռի մեջքին, ամենևին չէր մասնակցում խոսակցությանը և, ըստ երևույթին չէր էլ լսում, թե ինչ են խոսում եղբայրն ու Բադամյանը։ Նրա մտախոհ հայացքը կենտրոնացած էր Բադամյանի դեմքին, որը նստած էր սեղանի մյուս ծայրին, նրան դեմ առ դեմ, լապտերի պայծառ լույսի տակ։

Բադամյանը մոտ երեսուն տարեկան երիտասարդ էր, գեղեցիկ լիք դեմքով, որը նրան հասուն տղամարդի տեսք էր տալիս։ Նրա լայն ուսերին շատ սազով նստած էր մոխրագույն բաճկոնը, որի տակից ամառվա սպիտակ ժիլետը փայլում էր ձյունի մաքրությամբ։ Ըստ երևույթին, նա առանձին խնամք էր տանում իր փափուկ, երկայն մազերի վրա, որոնք սիրուն գանգուրներով մինչև ուսերն էին հասնում՝ ականջների մոտ ցրված։ Ամեն բանով— թե հայացքով, թե շարժումներով և թե խոսելիս — աշխատում էր ծանր պահել իրեն և եթե շարունակ ժպտում էր Վահանի ասածների վրա, իսկ երբեմն և ծիծաղում, այդ բանումն ևս աշխատում էր դուրս չգալ ծանրախոհ լրջության սահմանից։

— Դո՞ւք ինչպես եք, տիկին, լա՞վ եք,— հարցրեց նա, սեղանի վրայից թեթև առաջ խոնարհվելով դեպի Մանեն և ինչ-որ խորհրդավոր հայացքով նայելով նրա աչքերին։

Մանեն կամաց ցնցվեց, հայացքը թռցրեց նրա դեմքի վրայից և մեքենայաբար վերցրեց իր բաժակը, որին դեռ ձեռք չէր տվել։

— Շնորհակալ եմ,— արտասանեց նա հանգիստ։

— Դուք գիտեք, պարոն Բադամյան, որ ձեր գալուց առաջ ես ու քույրս կռվում էինք իրար հետ։

Բադամյանն արագ նայեց Վահանին։