Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Իզուր եք կարծում, թե նա գիտե,— ասաց Մանեն, և Բադամյանը հասկացավ, որ նա խոսում է եղբոր մասին։— Նա ոչինչ չգիտե։ Եթե գիտենա էլ... Մի՞թե վախենում եք։

Բադամյանը զարմացած նայեց նրան։

— Վախենո՞ւմ... Շատ տարօրինակ է, որ այդ հարցը դուք եք տալիս ինձ։ Ձեռքերս կապել եք և հարցնում՝ վախենո՞ւմ եմ։ Շատ էլ չեմ վախենում, բայց ի՞նչ օգուտ դրանից, քանի որ այնպիսի դրության մեջ եք դրել ինձ, որ ուզեմ-չուզեմ՝ պետք է զգույշ կենամ ամենից առաջ հենց ձե՛զ համար։ Վստահեցրեք ինձ, թե վճռական րոպեին ինձ հետ կլինիք և ոչ իմ դեմ, այն ժամանակ կտեսնեք վախենո՞ւմ եմ, թե ոչ։

Մանեն ոչինչ չասաց։ Բադամյանի այդ պատճառաբանությունը նա միանգամայն արդարացի գտավ, բայց իրեն էլ մեղավոր չէր համարում։ Նա ուզում էր արդարացնել իրեն, բայց, ինչպես միշտ, երբ նրանց միջև խոսք էր բացվում իրենց հարաբերությունների մասին, չէր իմանում ինչպես արտահայտեր այն, ինչ որ կատարվում էր իր հոգու խորքում, ինչ որ մտածում էր ինքը շարունակ։

— Եթե մեր երկսից կա մեկը, որ վախենում է, այդ անշուշտ դուք եք, և ոչ թե ես,— ավելացրեց Բադամյանը սառն հանդիմանությամբ։

— Դուք ճիշտ եք ասում, ես վախենում եմ,— շշնջաց Մանեն։— Վախենում եմ... խղճիցս։ Օ՛, որ գիտենաք, թե որքա՞ն զարգացած է խիղճ կոչված զգացումն իմ մեջ... Դուք պահանջում եք, որ ես թողնեմ ամուսնուս և... փախչեմ ձեզ հետ,— ավելացրեց նա նորից հուզվելով և կանգ առավ։— Փախչում են միայն նրանք, որոնք զգում են, որ հանցավոր են։ Իսկ ես չեմ ուզում զգալ, որ հանցավոր եմ, հասկանո՞ւմ եք ինձ։ Ես սոսկում եմ խղճիցս և հավատում, որ աստծո արդար դատաստան կա։ Եթե դուք կարող եք լռեցնել խղճիս ձայնը, լռեցրեք. եթե կարող եք համոզել ինձ, որ աստված չի պատժում հանցավորներին, համոզեցեք, և ես կգամ ձեր հետևից։ Բայց դուք այդ չեք կարող, որովհետև դրա համար հարկավոր կլինի, որ ճղեք կուրծքս, սիրտս հանեք և կրակը նետեք, որ անզգա մոխիր դառնա. հարկավոր կլինի, որ