Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սիրահարվել... և լավ էլ ոգևորվում է... Հիմար էլ չէ»։ Նա մի սիգար հանեց, լուցկին հանգցրեց և տարավ շպրտեց լուսամուտից դուրս։

Բադամյանը լռեց, հինգ մատը կոխեց երկայն մազերի մեջ և, վերին աստիճանի հուզված, սկսեց անցուդարձ անել սենյակում ջղային արագ քայլվածքով։

— Վերջացրի՞ք,— հարցրեց Վահանը։— Այժմ հաճեցեք խնդրեմ մի վայրկյան ունկնդրություն շնորհել ինձ։ Ես կկամենայի ամենից առաջ ասել ձեզ, որ այն բոլորը, ինչ որ այս րոպեիս ասացիք, միանգամայն հիանալի էր և արժեր ուղղակի գրի առնել և դնել ռեզոնյորի բերանը մի զորեղ դրամայի մեջ։ Բայց ներեցեք խնդրում եմ. մի բան ես լավ չհասկացա և կկամենայի, որ եթե կարելի է, բարեհաճեիք բացատրել։ Չհասկացածս ա՛յն է, որ ձեր ֆիլիպիկներն արտասանելիս դուք բառը շատ գործածեցիք. այդ չգիտեմ և համարձակվում եմ հարցնել՝ այդ դուքը հատկապես ի՞մ անձին էր ուղղված, թե այդ հոգնակի դերանվան տակ պիտի հասկանայի հավաքական մի մարմին, որի անունն է խավարամիտների բանակ։ Ձեր բացատրությունն ինձ համար կարևոր է, որովհետև կկամենայի իմ համեստ կարծիքը հայտնել ձեր ֆիլիպիկների դեմ, եթե միայն, իհարկե, կբարեհաճեիք թույլ տալ, որ ես էլ ունենամ իմ կարծիքը։

Բադամյանը քայլելիս հանկարծ շեղեց ճանապարհը, ուղղակի մոտեցավ Վահանին և կանգ առավ նրա առաջ։

— Լսեցե՜ք, պարոն,— ասաց նա կատաղությունից հազիվ զսպած ձայնով,— եթե դուք կշարունակեք դարձյալ այդ տոնով խոսել ինձ հետ, ես... ապտակ կտամ ձեզ։

Վահանն ամենայն հանգստությամբ սիգարը հանեց բերանից և, երեսը դեմ անելով, ասաց.

— Խնդրեմ։

Բադամյանի ատամները պինդ սեղմվեցին իրար, և ձեռքը կամաց ու ցնցողաբար սկսեց բարձրանալ երկաթի ծանրությամբ։

Վահանն ավելի մոտեցրեց իր չաղ թուշը։

Բայց Բադամյանի ձեռքը միայն բռունցք սեղմվեց և նույն ծանրությամբ իջավ։

Վահանը նայեց նրան և ծիծաղեց։