Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չասացի՞, չասացի՞,— բացականչեց Մարությանն ուրախացած, դառնալով աղջկան։— Գիտեի, ախր, որ առանց ինձ տեսնելու չէր գնալ։ Բայց այս լավ չէ, որ հիմա տանը չէ։ Ի՞նչ անենք։

Այն միջոցին, երբ Մարությանը փոփոխակի նայում էր մերթ դռնապանին, մերթ աղջկան, մտածելով, թե ինչ անի, մի կառք դղրդալով մոտեցավ և կանգ առավ հյուրանոցի դռան առաջ։

Եվան դռան ապակու միջից դուրս նայեց և դողաց։

Կառքի մեջ նստած էր Բազենյանը։ Նա արագ իջավ կառքից և շտապ քայլերով դիմեց դեպի դուռը։

— Ահա՛ ինքը,— բացականչեց դռնապանը և շտապեց դուռը բանալ նրա առաջ։

Բազենյանը մտավ մուշտակի կոճակները բաց և մոխրագույն մորթե գլխարկը ճակատից փոքր-ինչ ետ գցած։ Դռների մոտ տեսնելով Մարությանին ու Եվային, հանկարծ կանգ առավ, ըստ երևույթին, խիստ ապշած։ Պարզ երևում էր, որ այդ հանդիպումը միանգամայն անսպասելի էր նրա համար։

— Ա՜, պարոն Բազենյան,— բացականչեց Մարությանը խիստ ուրախացած։— Տեսնում եք։ Մենք եկել ենք ձեզ մոտ, իսկ դուք տանը չեք։ Ի՜նչ լավ արիք, որ եկաք, թե չէ՝ մտածում էի, թե ինչպես անենք, որ ձեզ գտնենք։

— Մի՞թե ես արժանի եմ այդ պատվին,— արտասանեց Բազենյանը փոքր-ինչ խանձված ձայնով և սեղմեց Մարությանի ձեռքը վերին աստիճանի զսպած քաղաքավարությամբ։ Այնուհետև առանձին հարգանքով դարձավ դեպի Եվան, առանց նայելու նրան, խոնարհ գլուխ իջեցրեց՝ գլխարկը ձեռքին։

Եվան անհամարձակությամբ նայեց նրա վայր թողած աչքերին և մեքենայաբար ձեռքը մեկնեց նրան։

Բազենյանն արագ մի քայլ առաջ դրեց և նույն զսպած քաղաքավարությամբ սեղմեց նրա ձեռքն էլ։ Այդ միջոցին Եվան ակամա ուշադրություն դարձրեց այն բանի վրա, րր Բազենյանն իր ձեռքը սեղմեց վնասված աջ ձեռքով, թեև սև շորը դեռևս կախված էր վզից։ Այս անգամ Բազենյանն այնքան մոտ էր Եվային և գլուխն այն աստիճան խոնարհել