Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Հ. Գ.— Առաջարկությունս նամակով եմ անում, Ձեզ և ինձ ազատ պահելու համար այս մասին անձամբ խոսելու անխուսափելի ծանր դրությունից»։

Համենայն դեպս ներքևն ավելացրեց իր հասցեն, այնուհետև ամբողջ նամակը խնամքով արտագրեց ուրիշ թղթի վրա, փակեց ծրարի մեջ և կրկին ընկղմվեց խոր մտածմունքների մեջ։ Այժմ դժվար լուծելու մի ուրիշ հարց կար. ինչպե՞ս պիտի հանձներ այդ նամակը պանի Զդանևիչին — անձա՞մբ արդյոք, թե ծառայի միջոցով։ Վերջինս անհարմար էր և, բացի դրանից, այդ դեպքում ստիպված կլիներ առավոտյան չգնալ պանի Զդանևիչի մոտ, մինչդեռ այս անգամ ուզում էր տեսնել նրան՝ դիտելու համար ոչ թե առաջվա պանի Զդանևիչին, այլ իր ապագա կնոջը, և այդ բանն այնպիսի անդիմադրելի հետաքրքրություն զարթեցրեց նրա մեջ, որ վճռեց անպատճառ գնալ և իր ձեռքով հանձնել նամակը։ Հանձնել — բայց ե՞րբ, ո՞րտեղ. հյուրանոցո՞ւմ, երկաթուղու կայարանո՞ւմ, թե՞ ամենավերջին րոպեին, վագոնում, հրաժեշտ տալու միջոցին։ Վերջինը, իհարկե, ավելի հարմար էր, որովհետև առաջին երկու դեպքում նա ուղղակի գետինը կմտներ ամոթից, տեսնելով, թե ինչպես պանի Զդանևիչն իր աչքի առաջ բաց է անում նամակը, կարդում և...

«Այդպես, ուրեմն, նամակս կհանձնեմ ամենավերջին րոպեին, երրորդ զանգը խփած ժամանակ, այնպես որ այնուհետև ստվերս անգամ չի տեսնիլ»,— վճռեց Շահյանը և խիստ ուրախացած ու թեթևացած գնաց պառկեց։ Բայց հանկարծ նորից վեր կացավ, ծրարը պատռեց և նամակի տակն ավելացրեց հետևյալը.

«Եթե Ձեր պատասխանը դրական լինի, հարկավ կվերադառնաք առաջին իսկ կայարանից և կարող եք իջնել ուղղակի իմ տանը, ուր կգտնեք ամեն հարմարություն և անհուն երջանկությամբ բաբախող մի սիրտ...»։

Վերջին խոսքերը, որոնք գրվեցին ինքնաբերաբար, այնքան դուր եկան Շահյանին և այնպիսի վառ հույսով լցրին նրա սիրտը, որ այնուհետև, երբ նորից պառկեց, շարունակ կրկնում էր մտքումը, մինչև քունը կամաց-կամաց հաղթեց նրան։