Մարդկային սիրտը
Յուր խորշերի մեջ երբեմն այնպիսի
Բաներ է ծածկում, որոնք մինչ անգամ
Ամենամոտիկ մտերիմ մարդուց
Մնում են գաղտնի, որպես գաղտնիքը։
Որոնք բնավին մազաչափ անգամ
Սրտի պատերից չեն ուզում դուրս գալ,
Այնտեղ ապրում են և մեռնում այնտեղ։
Հայրը կարող է այդ չգիտենալ։
ՍՏԵՓԱՆՈՍ։
Շատ խիստ ես, Սուրեն, դեպի քրոջդ
Այդպիսի չնչին անմեղ-հանցանքը։
Աշխենը հորը այնքան սիրում է
Փոխադարձությամբ կրկնապատիկը
Հարուստ լինելով, որ մտքով անգամ
Կարող չէ անցնել՝ նրանից ծածկելու
Որևէ գաղտնիք, թեկուզ այն լիներ
Մի մտադրություն — հորը սպանելու։—
Գոնե ես այդպես հավատացած եմ,—
Բայց թե դու այժմ որևէ մութ բան
Դրա սրտում գտնել կարողանում ես,—
Այդ ես չգիտեմ։ Ինձ միայն կմնա
Զարմանալ, ապշիլ և սաստիկ տանջվել
Որ զավակիս այն բոցավառ սերը
Կեղծության միայն դիմակ է եղել։