Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/605

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՈՒՐԻԿ.— Հիմա մի ոտով եք ման գալի՞ս։

ԱՐԱՄ.— Չէ, երեք ոտով։ Այ տես, այս մեկ (ցույց է տալիս իր մի հատիկ ոտը), այս էլ երկու (ցույց է տալիս հենակները): Մեկ և երկու, կլինի երեք։ (Ծիծաղում է):

ՍՈՒՐԻԿ.— Ի՞նչպես եք ման գալիս։

ԱՐԱՄ.— Այ ինչպես։ (Առնում է հենակները և մի երկու անգամ ժպտալով անց ու դարձ անելուց հետո նստում նորից): Տեսա՞ր։

ՍՈՒՐԻԿ.— Առանց այդ փայտերի չեք կարո՞ղ ման գալ։

ԱՐԱՄ.— Մի ոտո՞վ։

ՍՈՒՐԻԿ.— Այո։

ՖԼՈՐԱ.— Խելոք, մի ոտով ի՞նչպես կարելի է ման գալ։

ՍՈՒՐԻԿ.— Վա՜յ։ Ինչո՞ւ չի կարելի։ (Արամին): Ուզո՞ւմ եք ես ման գամ։

ԱՐԱՄ.— Հապա։

ՍՈՒՐԻԿ (մի ոտը բարձրացնում է և սկսում է մյուսով թռչկոտալ: Արամը և Ֆլորան ծիծաղում են):

ՖԼՈՐԱ.— Դա ման գալ եղա՞վ։ Դու միայն թռչկոտում ես։ Եվ այդպես թռչկոտելով մինչև ո՞ւր կգնաս։

ՍՈՒՐԻԿ.— Մինչև ուր ուզում եք։ (Շարունակում է թռչկոտալ):

ՖԼՈՐԱ.— Դե, բավական է, հիմար, կհոգնես։

ԱՐԱՄ.— Բավական է, ջանիկս, բավական է։ Եկ ինձ մոտ։

ՍՈԻՐԻԿ (թոչկոտալով գնում է կանգնում Արամի առջև):

ԱՐԱՄ.— Այ տեսնում ես՝ ինչպես հեթեթում ես։ Եկ ականջ դնեմ սրտիդ։ (Ականջը կպցնում է նրա կրծքին): Օ՜, ինչպես խփում է... (Հանկարծ պինդ գրկելով երեխային սկսում է կաթոգին համբույրներ դրոշմել նրա ձեռքերին, գլխին, երեսին և մի րոպե ինքնամոռացության մեջ ընկնում):

ՍՈՒՐԻԿ (որ նրա համբույրների միջոցին տհաճության նշաններ էր ցույց տալիս, աշխատում է ազատվել նրա գրկից).— Թողեք. ծակում է։

ԱՐԱՄ.— Թողնե՞մ... Ոչ, չեմ թողնի։ Եթե կարելի լինի, ես կուրծքս կճղեմ և քեզ մեջը կնստեցնեմ, և դու ասում ես թողնե՞մ։ (Շարունակում է համբույրները):

ՍՈՒՐԻԿ.— Վա՜յ, թողեք, է՜, ցավեցնում եք... Ո՛ւֆ, մամա...