Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՜նչ եք ասում, օրիորդ,— անկեղծ հանդիմանությամբ նկատեց Շահյանը:

Եվան այս անգամ նայեց նրան շատ լուրջ կերպով։

— Նկատեցեք, պարոն Շահյան, ես շատ նեղանում եմ, երբ մարդիկ ճիշտ չեն ասում ա՛յն, ինչ որ մտածում և զգում են։

— Հավատացնում եմ ձեզ, օրիորդ, ես ճիշտ եմ ասում։

— Ի՞նչն եք ճիշտ ասում. որ դուք զվարճանո՞ւմ եք իմ շատախոսության վրա։

— Ո՛չ... Այսինքն... որ... ձեր շատախոսությունը ձանձրալի չէ ինձ համար։

Եվան հոնքերը սաստիկ բարձրացրեց։

— Ա՜, ուրեմն դուք ինձ իսկապե՞ս շատախոս եք համարում։ Շատ շնորհակալ եմ ձեր այդ կոմպլիմենտի համար։

Եվան այդ բառերն արտասանեց այնպիսի կոմիկական հանգիստ զարմանքով, որ Աշխենը չկարողացավ զսպել իր ծիծաղը։

Շահյանի դեմքը ճակնդեղի պես կարմրեց, բայց նա էլ ժպտաց, զգալով հանդերձ, որ այդ չարաճճի աղջիկը, թերևս ակամա, հիմարացնում է իրեն։

— Շատ բարի,— ասաց Եվան։— Երբ որ ես շատախոս եմ և իմ շատախոսությունը ձանձրալի չէ ձեզ համար, ես շատ կխոսեմ, այնքան կխոսեմ, մինչև որ ձանձրանաք։ Դուք հեռու եք նստած, խնդրում եմ մոտիկ նստեցեք։

Շահյանը փոքր-ինչ առաջ քաշեց աթոռը։ Նա շարունակ ժպտում էր ինչ-որ բութ ժպիտով։

— Այժմ սկսենք։ Մենք պետք է խոսենք ձանձրանալու մասին, այսինքն այն մասին, թե մեզնից ով ինչից է ձանձրանում։ Ասացի, որ ես ձանձրանում եմ, երբ մոտս մարդ չի լինում, որ խոսեմ. Աշխենը ձանձրանում է պարապ մնալուց. իսկ դո՞ւք ինչից եք ձանձրանում, պարոն Շահյան։

— Ե՞ս... կյանքից,— դուրս թռավ Շահյանի բերանից։

— Ինչ ասացի՞ք... կյանքի՞ց,— բացականչեց Եվան խիստ զարմացած։ Նրա դեմքի վայրկենական փոփոխությունը պարզ ցույց տվեց, որ նա ամենևին չէր սպասում, թե կատակով արած իր այդ հարցմունքին այդպիսի պատասխան կստանա։