Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օր. Սահակյանի ծիծաղը սաստիկ բռնեց։

— Ձեր պայմաններում, ասենք, դժվար թե ազատ մնաք... նրանք մշտապատրաստ նյութ կունենան իրենց աչքի առաջ,— սաստիկ ծիծաղի միջից հազիվ կարողացավ արտասանել նա։— Բայց ես վախենում եմ, որ դուք ինձ էլ քթի մասին դասախոսող վարժուհիների կարգը դասեք, ուստի թողնենք այս մասին խոսելը։

Եվ օր. Սահակյանը, արագությամբ զսպելով իր ծիծաղը, նորից լուրջ դեմք ընդունեց։

— Դուք իմ անձնական անհարմարությունների մասին մի մտածեք, պարոն Մինասյան,— ասաց նա, դառնալով առաջվա խոսակցությանը։— Ես գիտեմ, թե ինչպես կշտկեմ այդ անհարմարությունները։ Բայց այս տարի չէ, եկող տարի, ձեզ խոսք եմ տալիս, առաջուց, ինքս կգամ գյուղը։ Ուրիշ բան է, թե դուք չէիք ցանկանալ ինձ վարժուհի ունենալ ձեր ուսումնարանում,— ավելացրեց նա կատակով, բայց դարձյալ առաջվա մեղմ-տխուր ժպիտով։

— Դուք կատակ եք անում, օրիորդ, բայց հավատացնում եմ ձեզ, անչափ գոհ կլինեի, եթե ինձ պատահեր մի այնպիսի վարժուհի, որ եթե ձեզ պես անձնվեր չլիներ, գոնե մի քիչ սիրեր գործը, որովհետև գիտեք, թե մանավանդ ուսուցչական ասպարեզում որքա՛ն մեծ նշանակություն ունի գործի սերը։ Ձեր առաջարկությունը ես ընդունում եմ, իհարկե, ամենայն սիրով, բայց այս տարվա համար պիտի օգնեք — առանց վարժուհու չպետք է թողնեք։ Ճարներս ի՞նչ։ Միանգամից խո չե՞նք կարող նոր դրություն ստեղծել. պետք է բավականանանք եղածով։ Հույսս ձեզ վրա է։ Երևակայեցեք, որ հազար ու մի դժվարություններով հիմնված ուսումնարանը վարժուհու պատճառով միայն կարող է փակ մնալ, իսկ այդ բանը կարող է ժողովրդին սառեցնել:

— Գիտե՞ք ինչ կա, պարոն Մինասյան,— ասաց օր. Սահակյանը։— Վաղն ես կխոսեմ մի ուրիշի հետ. եթե համաձայնեց խո լավ, իսկ եթե ոչ, այն ժամանակ, ճար չկա, պետք է մի կերպ ավելացնեք ռոճիկը, թե ինչպես, այդ արդեն ձեր գործն է։ Ես իմս արած կլինեմ, և դուք ինձնից դժգոհ լինելու իրավունք չեք ունենալ։