Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շղթայեց և նստեցրեց երեքին մի շարքի և պինդ պարանները ոլորեց մինչև նրանց սպիտակ ոսկորները. բոլորի վզին զարկում էր, հյուրասիրելով բռունցքի հարվածներով։ Եվ երբ տաճիկները, ուրախացած, որ գտել են այդպիսի ծառա, սկսեցին խնջույք անել և, մոռանալով իրենց օրենքը, բոլորը հարբեցին, նա բերեց բոլոր վաթսունչորս բանալին և բաժանեց գերիներին, որպեսզի շղթաներն արձակեն, ծովը գցեն շղթաները և կապանքները և նրանց փոխարեն առնեն թրերը և կոտորեն տաճիկներին։ Այն ժամանակ կոզակներն անչափ հարստություն էին խլել և փառքով վերադարձել էին հայրենիք, և երկար ժամանակ փանդիռ նվագողները փառաբանում էին Մոսիյ Շիլոյին: Նրան կոշևոյ կընտրեին, բայց զարմանալի կոզակ էր։ Երբեմն այնպիսի բան կաներ, որ ամենաիմաստունի մտքովը չէր անցնի, բայց երբեմն էլ պարզ հիմարությունը հաղթահարում էր կոզակին։ Ամեն ինչ տվել էր գինու և զվարճության. Սեչում նա բոլորին պարտք էր և բացի այդ, փողոցային գողի նման բռնվել էր գողության մեջ, գիշերով ուրիշ կուրենից գողացել էր կոզակների սարքը և գինեվաճառի մոտ գրավ էր դրել։ Այդ խայտառակ գործի համար նրան կապել էին շուկայի վեմից և նրա մոտ դրել էին դագանակը, որպեսզի յուրաքանչյուր մարդ իր ուժերի չափ մի հարված զարկի նրան, սակայն զապորոժցիների մեջ չգտնվեց և ոչ մի մարդ, որ դագանակով զարկեր նրան, որովհետև բոլորը հիշում էին նրա նախնի առաքինությունները։ Այդպես էր կոզակ Մոսիյ Շիլոն։

«Ուրեմն կան այնպիսիները, որոնք զարկում են ձեզ նման շներին»,— ասաց նա և հարձակվեց նրա վրա։ Եվ զարկեցին իրար, և հարվածներից ծռվեցին երկուսի ուսազարդերը և զրահները։ Եվ թշնամի լեհացին ճեղքեց նրա երկաթե շապիկը և թրի բերանն առավ մինչև մարմինը, կարմրեց կոզակի շապիկը։ Բայց Շիլոն ուշք չդարձրեց և ջլուտ բազուկով (ծանր էր նրա ամրակուռ ձեռքը) հանկարծակի զարկեց նրա զյխին և շշմեցրեց։ Մի կողմ թռավ պղնձե սաղավարտը, օրորվեց և գետին գլորվեց լեհացին, իսկ Շիլոն սկսեց թրատել և թրով խաչակնքել անշունչ ընկածին։ Կոզակ, ծեծելով մի՛ սպանիր թշնամուն, այլ լավ է ետ դարձիր։ Ետ չդարձավ կոզակը և հենց այդտեղ սպանվածի սպասավորներից մեկը