Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց ես չեմ ուզեր մեռնիլ ցուրտ քարի մը վրա, այլ փառաց հեղեղի մը մեջ խեղդվիլ. պիտի իյնամ շնչասպառ դահերու աճյունին վրա միայն և վերջին շունչս մառախուղ մը, փոթորիկ մը, սուգ մը, սարսուռ մը պիտի տարածե համայն աշխարհ... Ես եմ Արտաշեսը, իշխանությանց ժանտախտը, բռնավորաց սարսափը, դյուցազանց նախանձը, Հայաստանի փառքը... Դեռ չեմ մեռներ, ճերմակ մորուքի մը տակ կուզեմ փառքս երիտասարդ տեսնել (Որմզդուխտ կերևա, որ կամաց կամաց Արտաշեսի կը մոտենա):

Տեսիլ Բ5

ՆՈՒՅՆ և ՈՐՄԶԴՈՒԽՏ

ՈՐՄԶԴՈՒԽՏ.— (մեկուսի) Ինքն է...

ԱՐՏԱՇԵՍ.— Գեղեցիկ է փառքը, միայնության մեջ երազ, բայց աղմուկի մեջ` ճանանչ։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Կանցնի փառքը և կմախք մը կը մնա... կը սխալիս... ո՜վ թագավոր։
ԱՐՏԱՇԵՍ.— Ո՞վ ես դու։
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Նախ կին մը... երիտասարդություն, սեր, ստվեր, հիշատակ և...
ԱՐՏԱՇԵՍ.— Չեմ հասկնար։
ՈՐՄԶԴՈՒԽՏ— Մի՛ խռովիր, մահվան հրեշտակ մը չեմ և եթե ըլլայի ալ կը գթայի քու վրադ...
ԱՐՏԱՇԵՍ.- Ուրեմն ի՞նչ կուզես ինձմե...
ՈՐՄԶԴՈՒԽՏ.— Վասնզի կուզեմ քեզ փառաց երազներու մեջ տեսնել միշտ: