Հանդարտե՛, սիրտ իմ, դեռ Հայաստան իմս է... Դիակներով լեցուցի այն փոսը, զոր ինծի համար կը պատրաստեին սև ձեռքեր... Սմբատ պալատեն դուրս չի պիտի ելնե... Հոն է Սպանդարատ, Սմբատի ճամբուն վրա, սուրը կը փայլատակէ... Զա՛րկ, զա՛րկ... Թող թավալի իր սև գանգը փառահեղ երազներու մեջ... Կարմիր կոհակ մը զայն գերեզման գլորե և իր հետին հառաչը ճակտիս սև ամպը ցրվե։
ՍՄԲԱՏ.— (դրսեն օրհասականի ձայնով) Տէ՛ր արքա, տէ՛ր արքա...
ԱՐՏԱՇԻՐ.— Ա՜հ... Անոր ձայնն է... Կը մարի... Սպանդարատ զարկավ։
Տեսիլ Ե
ՆՈՒՅՆ և ՍՊԱՆԴԱՐԱՏ
ԱՐՏԱՇԻՐ.— Ի՞նչ ըրիր, Սպանդարատ։
ՍՊԱՆԴԱՐԱՏ․—Ինչ որ հրամայեցիր, տէր արքա։
ԱՐՏԱՇԻՐ.— Զարկի՞ր։
ՍՊԱՆԴԱՐԱՏ.- Մեռավ։
ԱՐՏԱՇԻՐ.— Առ այս քսակը։
ՍՊԱՆԴԱՐԱՏ.— Շնորհակալ եմ, տեր արքա (կառնե):
ԱՐՏԱՇԻՐ.— Աներևույթ ըրէ իր դիակը։
ՍՊԱՆԴԱՐԱՏ.— Կը հնազանդիմ, տէր արքա (երթալու կըլլա):
ԱՐՏԱՇԻՐ.— Կեցի՛ր... Այսուհետև իմ զինակիրս ես... Զգուշացիր, օր մ՚ալ քու գլուխդ ուրիշի մը ձգել կուտամ։
ՍՊԱՆԴԱՐԱՏ.— Վստահե սրտիս և սրույս վրա, տեր արքա: