Jump to content

Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աշուղական երգերի կառուցվածքը, տաղաչափության, հանգավորման որոշ ձևեր, եղանակներ, նա ստեղծում է թեթևաշունչ այնպիսի բանաստեղծություններ, որոնք դասական արվեստի փայլուն օրինակներ կարող են նկատվել: Թեև գրում է գրաբար, բայց նրա բանաստեղծությունների լեզուն միատարր չէ. բանաստեղծությունների տարբեր խմբեր լեզվական տարբեր մակարդակ ունեն: Բարդ ու ծանրամարս են նրա կրոնական փիլիսոփայական երգերի մի մասը, ավելի թեթևաշունչ ու դյուրամարս են աշխարհիկ երգերը, հայրենիքի և բնության տաղերը, ապա երկտող քառատող բանաստեղծությունները և բարոյա-խրատական երգերի մի մասը: Նա ունի «պարդ բանիւ» երգեր: Ուշագրավ է, որ Պետրոս Ղափանցին օգտագործում է ոչ միայն ժողովրդական առածներ, ասացվածքներ, այլ նաև բարբառային բառաձևեր՝ «վըռազ-վըռոզ», «ախեր-վախեր», «քումդ», «քովերն», «թփոցըդ», «մերանան», «փոթորակ», «խաշխաշուտ», «հանայ-հասայ», «ասդին, անդին», «կաշուտ», «իշուտ», «ջոկ», «ագռաւուկ», «թարշամիլդ», «թաւալ-թաւալի», «մաշուտ-ճօշուտ», «թշատ» և այլն:

Վերանորոգվող նոր դասական բանաստեղծության ներկայացուցիչը, պահպանելով հանդերձ ժողովրդական երգերի արվեստի որոշ գծեր, ստեղծում է ձևով և բովանդակաթյամբ ներդաշնակ ու կուռ, գրաբարալեզու, դասական բանաստեղծության ընտիր նմուշներ: Պետրոս Ղափանցին ձգտում է վերականգնել հայոց 10—14-րդ դարերի բանաստեղծության գաղափարախոսության և արվեստի կենսական գծերը. օգտվելով հին դասականից, ստեղծել նոր ժամանակների, նոր ոճի դասական բանաստեղծություն: Այդ բանաստեղծությանը բնորոշ են կրոնա-հայրենասիրական, ազատասիրական գա-