Գանձ ես սըրտիս ի կոկոնի թագուցեալ,
Շաղոտ, ցօղոտ տերեւներով հանգուցեալ,
Ի տօթոյ և տապոյ լինիմ պակացեալ.
Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
Գեղըդ նըման արեգական վառվառման:
Լալով, կոծով և արտասուօք լընանիմ,
Խոր հառաչմամբ և սար սըգով սընանիմ,
Խելագարաց համանմանեալ դեգերիմ.
Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
Գեղըդ նըման արեգական վառվառման:
Ի սար, ի ձոր շըրջագայեալ վարանիմ,
Միշտ թագնաբար, և՜ աստ, և՜ անդ դարանիմ,
Անկեալ յերկիր ախով պարան-պարանիմ.
Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
Գեղըդ նըման արեգական վառվառման:
Ես զօրն ի բուն, գիշերն ի գլուխ արտասուեմ,
Քուն և հանգիստ ո՜չ գիտելով, սըգաւորս եմ,
Զթռչունս երկնից, ինձ լալկանս աղերսեմ.
Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
Գեղըդ նըման արեգական վառվառման:
Ողբով, սըգով և արտասուօք ծովանամ,
Այրիմ, կիզիմ և ո՜չ երբեք հովանամ,
Ես, մի միայն գեղով քոյով զովանամ.
Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
Գեղըդ նըման արեգական վառվառման: