Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամբողջությունը, այլ աշխատում է միայն սև կետերի վրա ուշադրություն դարձնել։

Ի՞նչ հասկացողություն կարող ենք կազմել մի պատկերի գեղարվեստական արժանավորությունների մասին, նրա արտահայտած գաղափարի մասին, երբ կսկսենք նայել միայն նրա սև գույների վրա։ Չէ՞ որ այդ սև գույները, որպես ստվերներ, նրա համար են միայն, որ ավելի բացորոշ կերպով երևան նրա պայծառ գույները։ Գույների համեմատական միավորությունից ստեղծվում է ամբողջ պատկերը, որպես մուզիկայի մեջ զանազան հնչյունների ներդաշնակությունից կազմվում է մի ամբողջ պիեսա։

Պ. Հայկունին, ինչպես հիշեցի, մասնատում է, այլանդակում է վեպի ամբողջությունը և առնում է նրանից այն տեղերը միայն,որ իրան նպատակահարմար է համարում։

Ես կներեի նրան, եթե տգիտությամբ արած լիներ այդ, բայց չեմ ների, որովհետև նա այդ արել է գիտությամբ։

Որպեսզի ցույց տամ նրա քննադատության եղանակը, ես կհիշեցնեմ ընթերցողին, թե առհասարակ ինչպես վերաբերվեցավ նա դեպի իր քննելի առարկան և ապա կդառնանք դեպի այն հարցը, թե ինչպե՞ս է վերաբերվում պ. կրիտիկոսը դեպի «Կայծերի» հիմնական գաղափարները։

«Կայծերիս գրական նշանակությունը վճռելու ժամանակ, նա այդ վեպը կոչեց հեքիաթ։

Ես դրա դեմ չեմ վիճում։ Ծաղրել կարելի է ամեն բան և մինչև անգամ ամեն սրբություն, դրա համար ոչ շատ խելք և ոչ էլ շատ զարգացում է հարկավոր, բավական է փոքրինչ անպատկառ լինել, փոքրինչ համարձակ լինել։ Բայց պ. կրիտիկոսը մի խոշոր սխալ գործեց, որ չկանգնեց հեքիաթի վրա և չքննել «Կայծերը» իբրև հեքիաթ։ Հեքիաթը շատ անմեղ բան է, որպես անմեղ է նահապետական ժողովրդի հոդին, որ ստեղծում է նրան։ Բայց նա թողեց անմեղ հեքիաթը և աշխատեց «Կայծերի» մեջ ցույց տալ վնասակար մտքեր, վնասակար գաղափարներ։ Այստեղից ևս խույս տալով, նա աշխատեց ցույց տալ,որ «Կայծերը» մի ծրագիր է տաճկահայերի ապագա կյանքի և գործունեության։ Թեև նա մանրամասնաբար չբացատրեց, թե ինչում պետք է կայանար այդ «ապագա գործունեությունը», որքան էլ որ ասաց, այն էլ բավական էր, որ տեսնեինք, թե որպիսի չար հոգուց ներշնչված է եղել պ. կրիտիկոսը։ Նա մատնացույց արեց Վանաբերդի գրավման վրա և այլն։ «Կայծերի» ընթերցողները դիտեն, որ այդ տեսակ բաներ չկան այդ գրքի մեջ։