Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապարդյուն չանցավ։ Մեզ հաջողվեց ձեռք բերել բավականաչափ, բոլորովին անհայտ, գրավոր նյութեր և, որ ամենագլխավորն է, ժողովրդի մոտ լինելով, մենք առիթ ունեցանք հավաքել նրա մեջ պահպանված ավանդությունները։ Վերադառնալով Թիֆլիս, սկսեցինք «Մշակի» մեջ մաս առ մաս տպել մեր պատմությունը, որր հետո առանձին գրքով լույս տեսավ 1882 թվին:

Եվ այսպես մենք խավարից ի լույս ածեցինք մի ամբողջ պատմություն, մի կորած, մոռացված իշխանության պատմություն։ Մենք մեր նպատակի համար ծախսեցինք մեր ամենաչքավոր նյութական միջոցները, և ոչ ոքից շնորհակալություն չէինք սպասում, և շատ շնորհակալ կլինեինք, եթե մեր հակառակորդները փոքր-ինչ բարեխիղճ լինեին և չխանգարեին մեզ առաջ տանելու մեր սկսած գործը։

Եվ որպեսզի կասկածանքի տեղիք չմնար, թե «Խամսայի մելիքությունները» հեղինակի երևակայության ծնունդ է, և որպեսզի ցույց տայինք, թե այդ աշխատությունը հիմնված է պատմական ճիշտ փաստերի վրա, այդ նպատակով մենք մեր գրքի վերջաբանի մեջ (եր. 269—414) մի առ մի տպեցինք այն բոլոր աղբյուրների անունները, մինչև անգամ նրանց բովանդակությունը, որոնցից մենք օգուտ էինք քաղել մեր պատմությունը կազմելու ժամանակ։ Եվ այդ բավական չհամարելով մենք մինչև անգամ խոստացանք առանձին հատորով տպել մեր ձեռքի տակ ունեցած բոլոր դոկումենտների իսկականները։ Ահա մեր խոսքերը.


«Եթե «Խամսայի մելիքությունների» առաջին հատորը ընդունելություն գտավ ընթերցող հասարակությունից և տպված գրքերը վաճառվեցան, այն ժամանակ ես կտպեմ մի երկրորդ հատոր, որպես հավելված առաջին հատորի։ Այո վերջին հատորի մեջ զետեղված կլինեն այն բոլոր նյութերը, որոնք ծառայել են ինձ իբրև աղբյուր առաջին հատորը կազմելու համար։ Բովանդակությունը կլինի հետևյալ կարգով. զանգան անձինքների զանազան ժամանակներում Ղարաբաղի կաթողիկոսների, մելիքների մասին գրած և անտիպ մնացած պատմական աշխատություններ.— մեր պարբերական հրատարակությունների կամ այլ և այլ գրքերի մեջ ցրված հոդվածները Ղարաբաղի մելիքների մասին.— ռուսաց պատմագիրների մեջ զանազան տեղեկություններ Ղարաբաղի մելիքների մասին. — ռուսաց պատմագիրների` Սոլովևի, Բուտկովի, Դուբրովինի, Ց. Արարատսկի (հայ) և այլոց գրքերի մեջ