Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կաղ Աբովը իր անպարտելի քաջագործություններով շատ նման էր իր պապին՝ սև Աբովին: Հափշտակությունը, ավարառությունը և հանդուգն ասպատակությունները նրա ժամանակներում երկրների իշխողների համար ոչ միայն անբարոյականություն չէին համարվում, այլ ընդունվում էին որպես քաջազնական արժանավորություններ, որոնց անպատճառ պետք է ունենար երկրի իշխանը, իր շրջակա թշնամիներին երկյուղի մեջ պահելու համար: Այս հատկություններից զուրկ չէր կաղ Աբովը: Նա ամեն ինչ ձեռք էր բերում հափշտակությունով, նա հափշտակեց մինչև անգամ իր կնոջը՝ գեղեցիկ Ղամարսոլթանին։

Մի անգամ, երբ իր խումբով գնում էր Գանձակի կողմերում ավարառություններ անելու, Գետաշեն գյուղից բարձր, Դուլուսլու գյուղի մոտ, լեռների վրա հանդիպում է Գանձակի Մամադ—խանի օբաներին (Кочевка): Հարձակման միջոցին տեսնում է խանի աղջկան, որը իր «քառասուն» աղախինների հետ եկել էր, այնտեղ իր հոր հովիվների մոտ ամառը անցկացնելու։ Օրիորդի գեղեցկությունը այն աստիճան հափշտակում է Աբովին, որ նա մոռանում է Մամադ—խանի հոտերի հարուստ ավարը և առևանգում է միայն նրա դստերը: Աբովը այդ ժամանակ ազապ երիտասարդ էր, բայց գեղեցիկ երիտասարդ, թեև ոչ այնքան հաղթանդամ, և դեմքով բավական թուխ, որպես էին առհասարակ սև Աբովի ժառանգները: Բերելով իր չքնաղագեղ ավարը Գյուլիստանի բերդի մոտ գտնված Ամենափրկիչի վանքը, այնտեղ քրիստոնյա է մկրտել տալիս և ամուսնանում է նրա հետ։

Այդ առևանգությունը առիթ տվեց Աբովի և Գանձակի խանի մեջ մի քանի արյունահեղ կռիվների, որոնք վերջացան խանի պարտությունով։ Խանը միշտ անհաշտ մնաց թե իր դստեր և թե իր ինքնակոչ փեսայի հետ։ Բայց ծերության հասակում նա հաշտվեցավ: Եվ որովհետև ինքը մի այլ ժառանգ չուներ բացի միակ աղջկանից, այդ պատճառով իր բոլոր գյուղերը, հարստությունը կտակով նրան թողեց: Կնոջ միջոցով Աբովը տեր եղավ ահագին ժառանգության։

Աբով 2—ը վախճանվեցավ 1728 թ. նրա մահից հետո, մելիքների սովորության համեմատ, պիտի հաջորդեր որդին Մելիք—Յուսուբը։ Բայց որովհետև Մելիք—Յուսուբը դեռ անփորձ պատանի էր, այդ պատճառով երկրի կառավարությունը հանձնվեցավ հանգուցյալի եղբայր Թամրազին և պատանի Յուսուբը մնաց նրա հոգաբարձության ներքո, մինչև չափահաս դառնալը: