Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սպանությունից հետո Գայանեն իր անձը նվիրեց կուսակրոնակության և մտավ Ավետարանոց գյուղի կուսանոց անապատը[1]:

Աննա խաթունի և Գայանեի քաջագործության հիշատակը պահպանված է միայն ժողովրդական ավանդության մեջ, իսկ Մելիք Հուսեինի հիշատակը մնում է արձանագրված իր գերեզմանի քարի վրա, որը գտնվում է Ավետարանոց բերդի կուսանաց անապատի գավթում[2]:

Ղարաբաղի մելիքի կռիվները օսմանցիների հետ մի մեծ տեղ են բռնում այդ ժամանակի պատմության մեջ, որը դեռ ոչ ուսմնասիրված է և ոչ տպագրված: Մենք այժմ այսքանը միայն կասենք, որ հայերը սրի ուժով մաքրելով իրանց հայրենիքը օսմանցիներից, բավական հեշտացրին Նադիրի հաղթությունները օսմանցիների դեմ, և պարսիկ սպարապետը թագավոր դառնալուց հետո, որպես կտեսնեք, չմոռացավ հայոց մելիքների ծառայությունները: Նա ավելի երախտամատույց գտնվեցավ, քան թև քրիստոնյա կայսրները:

Մինչ Ղարաբաղում հայոց մելիքները ջարդում էին օսմանցիներին, հենց միևնույն ժամանակներում Սյունյաց իշխանը Դավիթ Բեկը Ղափանի կողմերում հրաշալիքներ էր գործում: Մահմեդական տիրապետողների բերդերը մինը մյուսից հետո ընկնում էին նրա ահեղ զորության առջև: Հլիձորի բերդի պաշարման ժամանակ մի բուռն քաջերով ցրվեց նա օսմանցիների ավելի քան քսան հազար զորքերը[3]. Ղափանը, Բարգյուշատը, Չավնդուրը, Գենուազը և Գողթանը բոլորովին մաքրեց օսմացիներից, խլեց նրանցից Մեղրի և Օրդուբադ քաղաքները: Այդ բոլորը լսելով պարսից Շահ-Թահմասը[4] թե որքան օգնեց իրան, պատերազմելով Պարսկաստանի թշնամիների հետ, վարձատրեց քաջի հաղթությունները, զանազան

  1. Իմ 1881 թվի ճանապարհորդության ժամանակ, Ավետարանոց գյուղում ինձ հաջողվեցավ տեսնել մի հրաշալի գրչագիր ավետարան, որգրված էր նույն Գայանեի ձեռքով
  2. «Այս է տապան Մելիք Շահնազարի որդի Մելիք Հուսեինին. թվ. Ռ. Ճ. Զ. 1185» (1736) «Ոգեմ բանս գովեստի ի վերա Մելիք Հյուսեինի, զոր գրեցի այս տապանի. սա էր տեր երկիրն Վարանդի. Երեսուն և հինգ մասն գեղի. սա էր հացով սեղանով լի. ողոր մեր ամեն ազգի. կերպարանոքն էր գովելի. սա ոչ հարկ թագավորի. ամուր պարիսպ էր աշխարհի. թագ պարծանք հայոց ազգի. պատեերազմեաց հետ օսմանցի. յոյժ կոտորաց ազգեն տաճկի»
  3. Պատմության մեջ 70 հազար է նշանակված. այդ թիվը չափազանց է
  4. Պետք չէ մոռանալ, որ մինչև Շահ-Թահմասի սպանվելը, Նադիրը շահի սպարապետն էր. Շահի մահից հետո նա թագավոր դարձավ