Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դալի-Մահրասան Ղարաբաղի հայոց Քոր-օղլին էր. ժողովուրդը գուցե մինչև հավիտյան կհիշե այն բոլոր հրաշքները, որ կատարել է նա իր կռիվների մեջ։ Երբ նստում էր իր նշանավոր մոխրագույն (բող) նժույգի վրա և կայծակի նման նետվում էր դեպի պատերազմի դաշտը, նրա ահարկու, որոտալից ձայնը բավական էր թշնամուն սարսափեցնելու համար։ Եկեղեցու մոլեռանդությունը պատժեց գիժ աբեղային իր կատարած արյունահեղությունների համար: Սիմոն կաթողիկոսի ժամանակ նրան տարան էջմիածին և բանտարկեցին սառցատան մեջ, որ ապաշխարե։ Մի օր իր բանտի մեջ լսեց նա, որ վանքում ինչ-որ աղմուկ և իրարանցում է տիրում։ Նրա հարցին պատասխանեցին, թե Ջալալի քրդերը եկել վանքի անասունները թալանեցին, հիմա վտանգ կա, որ վանքն էլ կողոպտեն։— Կարող եք տալ ինձ մի ձի և մի քանի զենքեր, ասաց ապաշխարողը։ Երբ նրա խնդիրը կատարվեցավ, նա նստեց ձին և նետվեցավ ջալալների ետևից։ Մի քանի ժամից հետո վերադարձավ նա, ետ բերելով քրդերի տարած ավարը։ Այդ օգուտը վանքին տալուց հետո, նրան արձակեցին, խոստմունք առնելով, որ այլևս մարդասպանություն չանե։ Բայց նա չկատարեց իր խոստմունքը։ Հայրենիքի թշնամիներին սպանելը նա մեղք չէր համարում, և շարունակում էր մասնակցել մելիքների բոլոր պատերազմների մեջ։ Մի անգամ Գանձակ քաղաքի մոտ, լեզգիների հետ պատերազմելու ժամանակ, գիշերը վրա հասավ։ Նա կռվից հոգնած, նստել էր մի գերեզմանաքարի վրա, որ փոքր-ինչ հանգստանա: Նրա շուրջը ծածկված էր դիակներով, որ ընկել էին իր ձեռքով։ Այդ միջոցին վիրավոր լեզգիներից մեկը, որի շունչը դեռ չէր կտրված, ատրճանակը բարձրացրեց և գնդակով զարկեց նրան։ Քաջի մարմինը թաղվեցավ Գանձակի մայր եկեղեցու գավթում։

Գժի հետ ծանոթացանք, հիմա անցնենք Թյոլի-Արզումանին։

Թյուլի թուրքաց լեզվով նշանակում է ավազակ, բայց ոչ այն տեսակ մանր ավազակներից, որոնք գիշերը ծածուկ կերպով մտնում են քնած քաղաքացու տունը և կողոպտում են նրան։ Թյուլին բացարձակ կերպով է գործում. օր-ցերեկով քարավաններ, գյուղեր և քաղաքներ է կողոպտում։ Այդպես էր և Արզումանը։ Նա Մելիք-Աթամի հոր (Մելիք֊Իսրայելի) հովիվի որդին էր, մանկության օրերում ոչխարներ էր արածացնում, իսկ հետո Մելիք֊Աթամի ընտիր զորապետներից մեկը դարձավ։

Փանահ-խանը այն աստիճան նեղված էր Թյուլի-Արզումանից, որ մի հնարքով նրա հորը, Սարգսին, բռնել տվեց, տարավ Շուշի