Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասենք այդ քարոզիչներին, ասե՞նք, թե դուք գնացեք հեթանոսներին քարոզեցեք, դուք հայերի հետ գործ չունեք։ Մենք սովորություն ունենք հարկավորած ժամանակ (երբ կամենում ենք մեր իմաստակություններին մի խաբուսիկ ձև տալ), հիմնվել Եվրոպայի օրինակների վրա։ Եվրոպան շատ սխալներ է գործել իր քաղաքականության պատմության մեջ, և մենք խելացի կլինենք այն ժամանակ միայն, երբ Եվրոպայի սխալներից օգուտ կքաղենք, և ոչ թե կուրորեն կհետևենք նրանց։

Եթե ընդունենք (որպես ոմանք պնդում են), թե Ավետարանը պետք է քարոզել հեթանոսներին միայն և ոչ թե այն ժողովուրդներին, որոնք վաղուց արդեն ընդունել են քրիստոնեությունը,—այդ դեպքում այլևս Լութերի ռեֆորմացիան հարկավոր չէր լինի, որ հայտնվեցավ կաթոլիկ ժողովրդի մեջ, որի եկեղեցին հիմնված էր առաքյալների օրերից։ Բայց պետք է վերջին աստիճանի տգետ լինել և չհասկանալ, թե Լութերի ռեֆորմացիան որքան առաջ տարավ Եվրոպայի քաղաքակրթությունը, թեև բազմաթիվ զոհերի արյունով գնվեցավ։

Ամեն մի ազդի միության գործը անհնար կլինի, եթե նույն ազգության գոյությունը պայմանավորվում է միմիայն եկեղեցու մեջ,— և եթե այդ եկեղեցուց դուրս գտնված ցեղակիցները համարվում են ազգային մարմնի ամբողջությունից կտրված անդամներ։

Հեռու պետք չէ գնալ, մենք ունենք մեր աչքի առջև մի պարզ և ժամանակակից օրինակ. պանսլավիզմը ցանկացած հաջողությանը չհասավ, երբ Կատկովի շկոլան և Մոսկվայի ռուսֆիլները սկսեցին պահանջել, թե զանազան սլավոնական ցեղերին ռուսների հետ միացնելու նպատակին պետք է ծառայել օրթոդոկս եկեղեցին։ Այդ պահանջը վիրավորեց մյուս սլավոնների կրոնական զգացմունքը և պանսլավիզմը մնաց, որպես մի երևակայական իդեա։

Դժբախտաբար մենք էլ ունենք մեր ողորմելի կատկովները, որոնք լուսավորչական եկեղեցու մասին նույն ցնորքների մեջ են գտնվում:

Մենք մեզ թույլ չենք տա մեր կաթոլիկ, մեր բողոքական և մինչև անգամ մեր մահմեդական եղբայրների կրոնական համոզմունքներին դիպչել, միայն աշխատենք զարգացնել նրանց մեջազգայնության գաղափարը։ Մենք կցանկանք, որ նրանք ունենան իրանց ինքնուրույն և ազատ եկեղեցիները, անկախ Հռոմի պրոպագանդայից և անկախ օտարազգի միսիոնարների և