ցրված բանաստեղծությունները մի գրքի մեջ։ Արդարև, գովելի աշխատություն: Բայց նրանից հետո ոչ ոք չհայտնվեցավ, որ հավաքեր և առանձին գրքերով տպագրել տար մեր բելլետրիստիկային վերաբերյալ աշխատությունները։ Դեռևս գանգատվում ենք, որ ընթերցանության գրքեր չունենք։
Ինը տարվա ընթացքում «Մշակի» մեջ տպվեցան զանազան մեծ և փոքր վեպեր, պատկերներ, մեմուարներ, ճանապարհորդություններ, և այլ, և այլ բանասիրական աշխատություններ, — եթե այդ բոլորը դասավորվեր և առանձին գրքերով հրատարակվեր, անտարակույս, բազմաթիվ հատորներ լույս կտեսնեին։ Բայց ի՞նչ եղան.— ստացան լրագրական համարները, կարդացին, առժամանակ հետաքրքրվեցան, հետո մի կողմ ձգեցին,— և բոլորը մոռացվեցավ, բոլորը կորավ…
Ես թողնում եմ բարեգործական կամ ժողովրդի մեջ ընթերցանություն, միտք և նոր գաղափարներ տարածելու նպատակը, բայց նույնիսկ վաճառականական կետից նայելով գործի վրա, դարձյալ շատ օգտավետ կլիներ մի այսպիսի ձեռնարկություն։
Սխալ է այն կարծիքը, թե մեզ մոտ գրքեր չեն վաճառվում, թե տպագրությունը մեզ մոտ վաստակ չունի,— գրքեր վաճառվում են, մանավանդ ընտիր բանաստեղծական աշխատությունները։
Իսկ ինչ որ վերաբերում է «Խենթին», եթե գնահատում են նրա ժամանակակից նշանակությունը, եթե ցանկանում են, որ այդ աշխատությունը առանձին գրքի մեջ ամփոփվելով, ավելի տարածվեր և ավելի մատչելի լիներ մեր ընթերցող հասարակությանը,— ես պատրաստ եմ տալ իմ համաձայնությունր և ընդունել ամենանպաստավոր պայմաններ առաջին, տպագրության իրավունքի մասին, եթե որևիցե պարոն կցանկանար առնել տպագրությունը։
Իսկ ես այս տարի պիտի զբաղվեմ «Կայծերի» հրատարակությունով, որի համար արդեն ստորագրութ յուն եմ բացել և սպասում եմ բաժանորդների թվի լրանալուն:
ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ
Ժամանակը և ժամանակակից պահանջները հարուցանում են ժողովրդի գործիչների մեջ նոր մտածություններ, նոր գաղափարներ, որոնք առաջ են գալիս իրերի անհրաժեշտությունից, և,