հանգուցյալի մարմինը, ասելով, թե նա կենդանության ժամանակ խոստովանվել էր մահմեդական կրոնը, իրավունք չէ նրան քրիստոնեական ծեսերով թաղել: Զայրացած ժողովուրդը մի կողմից, հանգուցյալի բարեկամները մյուս կողմից, հարձակվեցան խանի մարդիկների վրա, նրանցից շատերին կոտորեցին, ջարեդեցին, տեղի ունեցան բավական մեծ թվով սպանություններ: Խանի մնացած մարդիկը փախչելով, իրանց ջարդվելու մասին լուր տարան Շուշի բերդը: Այս անգամ զայրացած խանը զորքեր ուղարկեց, բայց մինչև զորքերի հասնելը թաղման խորհուրդը կատարված էր:
Նրանք կամեցան գերեզմանից դուրս հանել հանգուցյալի մարմինը: Այդ հանդգնությունը պատճառ տվեց մի ավելի սարսափելի կռվի հայերի և թուրքերի մեջ: Բայց որովհետև հայերը անպատրաստ էին և չէին սպասում մինչև այս աստիճան բռնություն խանի կողմից, այս պատճառով հաղթվեցան: Հանգուցյալի մարմինը դուրս հանեցին իր տոհմային գերեզմանատնից[1] և տարան մահմեդականների գերեզմանատան մեջ թաղեցին:
Ի՞նչ նպատակ կար այդ բարբարոսության մեջ: — Այն, որ հետո Իբրահիմ- խանը առիթ ունենա ասելու հանգուցյալի ժառանգներին, թե ձեր հայրը մահմեդականների և մահմեդականության մեջ մեռավ, դուք ևս պետք է ընդունեք նրա կրոնը: Այդպես էլ եղավ: Այնուհետև խանը, բավական ուժից ընկած ժառանգներին, սկսեց բացարձակ կերպով կրոնական հալածանքի ենթարկել նրանց:
Այդ միջոցներում Ղարաբաղում սովը և ժանտախտը սարսափելի կոտորածներ էին անում: Գյուղերը հետզհետե դատարկվում էին, ժողովուրդը գաղթում էր: Այդ ժամանակն էր, որ հանգուցյալ Մելիք-Աբասի որդի Մելիք-Ղահրամանը (որ և կոչվում էր Բաղրբեկ) Տիզակի ժողովրդի մի մասը իր հետ առնելով գաղթեց դեպի Վրաստան:
Մելիք-Ավանյան Բաղդադ-Բեկը (Մելիք - Եսայու որդին[2]) մնաց Իբրահիմ-խանի բանտում: Երկար չարչարանքներ կրելուց հետո, ստիպեցավ նա իր երկու որդիների հետ, որոնք կոչվում էին Ասյան և Վահան, ընդունել մահմեդականություն: Դրանց իշխանությունը կարճատև եղավ, որովհետև Բաղդադ-բեկը մի հակառակության համար խեղդամահ եղավ նույն Իբրահիմ-խանի ձեռքով: Իսկ