նրա քաջ նիզակակից տեր֊Հարություն քահանան[1]։ Նրանք հանդիպում են թշնամուն Սուլթանի տափ կոչված դաշտում[2]։ Թշնամին մի քանի անգամ ավելի բազմաթիվ է լինում, քան մելիքի զորքերը։ Բայց որովհետև այդ ժամանակվա կռիվների մեջ հակառակ կողմերի բախտը վճռվում էր շատ անգամ առաջնորդող անձինքների մենամարտությամբ, քան թե զորքերի հավաքական պատերազմով, այդ պատճառով Մրըղ֊հաջին կայծակի արագությամբ նետվում է Մելիք-Ռուստամի վրա։ Վերջինը ժամանակ չէ տալիս նրան իր մոտ հասնելու և հեռվից հրացանի գնդակով ցած է գլորում նրա ձին, և հսկան մնում է ձիու տակը։ Այդ միջոցին Մելիք-Ռուստամն արծվի արագությամբ վրա է հասնում, թուրը մերկացնում է, պատրաստվում է սպանել նրան։ Բայց հսկան աղաչում է խնայել իր կյանքին, հայտնելով, թե անձնատուր է լինում։ Մելիքը մեծահոգությամբ խղճում է նրան, և իր թուրը պատյանում դնելու միջոցին, ուխտազանց թուրքը, որ թավալված Էր նրա ոտների մոտ, տակից հանկարծ արձակում է ատրճանակը և մելիքին մահացու վերք է պատճառում։ Այդ միջոցին վրա է հասնում մելիքի նիզակակից տեր-Հարությունը, գտնում է նրան հոգևարքի մեջ։ Թողնելով նրան նույն դրության մեջ, հարձակվում է Մըրղ-հաջիի վրա և սպանում է նրան։ Բայց ինքն ևս սպանվում է նույն կռվի մեջ, երբ կատաղած մահմեդականները տեսնելով իրանց առաջնորդի դիակը, ավելի սաստկացնում են կռիվը։
Մելիք֊ Ռուստամի գլուխը կտրում են և տանում Գանձակ, նվիրում են նրա թշնամի Ջավադ-խանին, որից տեղային հայերը խնդրելով առնում են քաջ մարդու գլուխը, և թաղում են իրանց եկեղեցու դռան մոտ։ Իսկ մարմինը թաղվում է իր հայրենի Գյուլ-Յաթաղ բերդի գերեզմանատանը[3]։
Մելիք-Ռուստամը որդի չթողեց[4], այդ պատճառով նրա մահից հետո մելիք եղավ նրա եղբոր՝ Միրզա-բեկի որդի Րովշանը։
- ↑ Այդ տեր-Հարությունը Աստվածատուր քահանայի որդին էր և նշանավոր Դալի֊Մահրասայի (Ավագ վարդապետի) տոհմիցն էր, Ջրաբերդի Մեծ-շեն կոչված գյուղից, ուր մինչև այսօր ապրում են Դալի-Մահրասայի ժառանգները և հայտնի են իրանց քաջությամբ
- ↑ Սուլթանի տափը գտնվում է Մարդակերտ գյուղի մոտ, Թարթար գետի աջ ափի մոտ
- ↑ Մելիք-Ռուստամի և նրա քաջ նիզակակից տեր֊Հարություն քահանայի շիրիմները կից են, դրած են միմյանց մոտ. երկուսի տապանաքարերն ևս կրում են միևնույն թվականը՝ հայոց ՌՄԽԸ (1799)
- ↑ Մելիքի մահից չորս ամիս հետո նրա կին Վարթ-խաթունը, ծնեց Բալաբեկին