գավառի մի հայտնի հերոսին, քանի որ այդ անձնավորությունը չէր կարող այն գործը կատարած լինելը, որովհետև կամ այն ժամանակ նա դեռ ծնված չէր կամ վաղուց մեռած էր: Բայց պատմական փաստը դարձյալ մնում է իբրև իրողություն, միայն հարկավոր է նրա կատարող տերը գտնել:
Այդ բոլոր խառնաշփոթները ստուգելու համար, և անցքերը, գործողությունները ու գործողները պատմական ճիշտ ձևի մեջ դասավորելու համար, ես օգուտ եմ քաղել գրավոր աղբյուրների, որ ցույց կտամ հետո: Իսկ որտեղ պակասել են ինձ գրավոր աղբյուրները, ես հիմնվել եմ ավանդությունների վրա:
Պետք է ասած, որ ավանդությունները Խամսայի մելիքների պատմության ամենահարուստ մասն են կազմում: Ավանդությունների հետ ես վարվել եմ նույն կերպով, ինչպես որ վարվում է բնագետը մի հնադարյան անծանոթ կենդանու ոսկորների կույտի հետ: Ընդհանուր կենդանաբանական օրենքներով նա գիտե խառնված ոսկորների կտորները ջոկել միմյանցից. ամեն մի մասը իր պատշաճավոր տեղը դնել, և այսպիսով կազմել մի ամբողջ կմաղք: Գուցե անդամներից մի քանիսը կպակասեն, բայց բնագետը դարձյալ կարող է գաղափար ստանալ, թե իր գյուտը կենդանիների ո՛ր տեսակին էր պատկանում:
Իբրև գրավոր աղբյուրներ, ես ի նկատի եմ ունեցել հետևյալ ձեռագիր, դեռևս չտված աշխատությունները.
1. Բաղդասար միտրոպոլիտի ժամանակագրությունը, որ գտա ես Գանձասար գյուղում և որի մասին վերևում տեղեկություններ տվի:
2. Բաղդասար միտրոպոլիտի հրովարտակաների, ֆիրմաների, կալվածագրերի, արձանագրությունների և զանազան պաշտոնական թղթերի հավաքածուն, որ գտա ես Շուշի բերդում և որի մասին վերևում տեղեկություններ տվի:
3. Առաքել վարդապետ Կոստանյանցի երկու հատոր հավաքածուն, որ գտա ես Տող բերդում և որի մասին վերևում տեղեկություն տվի:
4.Երկու տետրակներ, բաղկացած 84 երեսներից, քաղվածք է արած Միրզա-Ադիգոզալի պարսկերեն պատմությունից: Այդ տետրակների մեջ բովանդակավում են հետևյալ գլուխները. I. «Որպիսութինք խանացն Գանձակայ». II «Որպիսոթինք խանացն Ղարաբաղու»— այդ գլխի մեջ խոսվում է Ղարաբաղի խաների ծագման մասին, Փահան-խանի հետզհետ զորանալու մասին, թե