Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թագավորի լծի տակ ճնշված ժողովուրդը։ Էբերսը ռոմանի միջոցով ծանոթացնում է մեզ մի վաղուց անցած, գնացած աշխարհի կյանքի և քաղաքակրթության հետ։ Մենք, ինչպես պարզ հայելու մեջ, տեսնում ենք այդ երկրի կենդանի պատկերը, նկարված բանաստեղծական ամենաճիշտ գույներով, տեսնում ենք նրա քաղաքական, հասարակական, ընտանեկան, կրոնական կյանքը իր ընդարձակ և բազմատեսակ գործունեության մեջ, իր բոլոր մանրամասն և հատկանիշ առանձնություններով:

Մի բարեխիղճ հեղինակ, որպես էր էբերսը, կարող էր այսպիսի ռոման գրել։ Նա եգիպտական հնախոսության, եգիպտական պատմության պրոֆեսոր է. իր ամբողջ կյանքը նվիրել է այդ երկրի անցյալի ուսումնասիրությանը։ Էբերսի մեջ միացած էին բանաստեղծական տաղանդը և խորին, լուրջ գիտությունը։ Նրա դիրքը բացատրված է ավելի քան 509 ուսումնական ծանոթություններով, որոնցից երևում է, ինչ որ գրել է նա, հիմնվում է պատմական հնագիտական ճիշտ փաստերի վրա։

Որքան ինքը էբերսը խղճմտավոր աշխատող էր, այնքան ընդարձակ դյուրություններ կային իր աշխատությունը կատարելագործելու համար։ Նա կարող էր ձեռքի տակ ունենալ հարյուրավոր հեղինակների պատրաստի գրվածքները Եգիպտոսի հնությունների, պատմության, էտնոգրաֆիայի մասին։ Բայց դրանցով ևս չբավականանալով, էբերսը անձամբ գնաց Եգիպտոս, իր վեպը իր տեղում մշակելու համար։

Ի՞նշ աղբյուրներից կարող է օգուտ քաղել մի հայ վիպասան, երբ կամենում է Հին Հայաստանի կյանքից մի ռոման գրել։

Դեռևս ոչինչ ուսումնասիրված չէ, որ կարողանար լույս ձգել խավարի մեջ թաքնված անցյալի վրա, թե ինչպես էին ապրում մեր նախնիքը։ Մեր պատմությունը մի չոր ու ցամաք ժամանակագրական ցանկ է և ավելի ոչինչ։ Չամչյանի, Ինճիճյանի գրքերը չեն կարող լիակատար բավականություն տալ վիպասանի պահանջներին։ Մենք կուլտուրայի պատմություն չունենք։ Մենք չգիտենք՝ ինչ էր ուտում, ինչպես էր հագնվում, ինչ տեսակ տան մեջ էր ապրում հայ մարդը մեզանից, եթե ավել չասեմ, մի հազար տարի առաջ։ Մենք չգիտենք հայոց հին ժողովրդի ընկերական, հասարակական, ընտանեկան, քաղաքական կյանքի առանձնահատկությունները,— ժողովրդի զանազան դասակարգերի հարաբերության պայմանները միմյանց հետ։ Մեզ հայտնի չէ մեր նախնիների բարքը, վարքը, սովորությունները, կրոնական