Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բաբայանին, նա արդեն փորձով ապացուցեց իր հմտությունը մանկավարժության մեջ: Թեև մենք մինչև այժմ առիթ չենք ունեցել մոտիկ ծանոթանալու նրա սեփական մանկական պարտեզի հետ,բայց ով գոնե մի անգամ այցելել է նրա այդ պարտեզը, էլ իմանում, ինչպես գովի։ Այդ մանկական պարտիզում վարժվում էին և վարժվում են Ֆրեոբելյան խմբի անդամները, որոնց մեծ մասը վճռել է իրան նվիրել մանկավարժական գործին, ուրեմն այդ հիմնարկությունը կատարում է մի տեսակ կանանց ուսուցչական սեմինարիայի դերը։

Այդ Ֆրեոբելյան խումբը, որի անդամների թիվը այժմ մինչև երեսունին է հասնում, իր նպատակն է դրել, ասում ենք, որքան կարելի է նպաստել մանկավարժական գործի զարգացման մի կողմից, ինչպես վերև հիշեցինք, հմուտ վարժուհիներ և ուսուցչուհիներ պատրաստելով, իսկ մյուս կողմից հայոց մանկական պարտեզներ բանալով։

Կիրակի օրը, սմսույս 14-ին, մենք ներկա գտնվեցանք այդ խմբի առաջին մանկական պարտիզի բացման հանդիսին։ Սուրբ պատարագից հետո Զրկինյանց եկեղեցու գավթում, այլ խոսքերով քաղաքի մի այնպիսի մասում, ուր հայության նշույլ անգամ չէ երևում, բացի հայոց եկեղեցիներից և հայոց գերեզմանատնից, եկեղեցու գավթում, ասոմ ենք մենք, կառուցված շինության մեջ, երկու գեղեցիկ, առողջապահական պայմաններին լիովին համապատասխանող, բոլորովին նորոգած սենյակի մեջ հավաքված էր բավականին մեծ բազմություն, որի մեջ գլխավոր տեղը բռնում էին այն երեսուն ծաղիկ-մանուկները, որոնք ուսումնարանի շատ հասարակ, բայց գրավիչ ֆորմը հագած, շարած կանգնած էին ամբիոնի ձախ կողմը։ Այդ փոքրիկ երեխաների կողքին կանգնած էին Ֆրեոբելյան խմբի բոլոր անդամները։


Այստեղ ավելորդ չեմ համարում նկատել, որ պաշտոնապես հանդիսավոր բացվելուց մի շաբաթ առաջ է բացվել այդ պարտեզը և արդեն մի շաբաթ է, ինչ կանոնավոր ուսում սկսվեք է նրա մեջ։ Արդեն պատրաստ են երեխաների համար գեղեցիկ նստարանները, և պատերի վրա կախ արած են մանուկների զբաղմունքների ու խաղալիքների համար պահելու արկղները, այնպես որ ամեն մի երեխա, ինչպես այդ ընդունված է ամեն մի բարեկարգված մանկական պարտիզի մեջ, ունի իր առանձին արկղը իր զանազան պարագայքը պահելու. այդ արկղների