Ա
«Գաղտնիք»—ի մեջ ինչ որ ավելի հետաքրքիր է, ինչ որ իսկապեա կարող է պատմական արժեք ունենալ,— դա է մելիքների տոհմային ազգաբանությունը։ Ղարաբաղի մելիքությունները ներկայացնող հինգ իշխանական տների ազգաբանությունը, հանդերձ իրանց մանրամասն ճյուղագրության, զետեղված են «Գաղտնիք»—ի մեջ (եր.180—208)։
Կարդալով այդ ճյուղագրությունները, մարդ զարմանում է, թե «Գաղտնիք»—ի հեղինակը որտեղից և ի՞նչ աղբյուրներից առել է անունների այն երկար շարքը, որոնց սկիզբ կապվում է Աղվանից ամենահին թագավորների հետ, իսկ վերջը հասնում է մինչև մեր ժամանակները:
«Գաղտնիք»—ին նայելով, Ղարաբաղի բոլոր մելիքական տները թագավորական ծագումից են, և բոլորն էլ միևնույն տոհմից։
Այդ ճյուղագրություններին նախանձախնդիր և ջերմ փափագով որոնող է եղել Ղարաբաղի միտրոպոլիտ Բաղդասար եպիսկոպոս Հասան—Ջալալյանը 1828 թվին, սեպտեմբերի 20—ին նորին սրբազանությունը մի նամակով դիմում է «Գաղտնիք»—ի հեղինակ Աբրահամ Բեկնազարյանին և, ի միջի այլոց հայտնում է.
«…Ես մտադիր եմ տպագրել տալ Ղարաբաղի և Աղուանից բո պատմությունները և հրապարակավ տալ աշխարհին Ղարաբաղի հարազատ մելիքների ծագումը, որի առաջին օղակն սկիզբն առած է: Առանից (Աղուանից առաջին իշխանից) և վերջին օղակն հասած է մեր օրերն։ Բայց որովհետև դու երկար ժամանակ արտագրած ես այդ բոլոր պատմությունները Գանձասարի Ներսես կաթողիկոսի մոտ, որովհետև քո գիտությամբ թաքցրած են այդ անգին գանձերը (ընթերցողներին հայտնի երեք տեղերում և որովհետև այժմ իմ ձեռքում չունի այդ ձեոագիրները՝ վասն որո դիմում եմ քեզ։ Լուսահոգի Սարգիս կաթողիկոսն[1] վախճանվելու ժամանակ ինձ պատվիրեց փութով տպագրել տալ այն ձեռագիր պատմությունները. երբ հարցրի, թե ո՞ւր են այդ ձեռագիրներն,— նա պատասխանեց.— «Այդ գրքերը երեք տեղերում թաքցրած են… Աճապարիր Ազրայելի «Գաղտնիք»—ի
- ↑ Սարգիս կաթողիկոսն Սարգիս միտրոպոլիտի ազգականն էր, նույնպես Հասան—Ջալալյան տոհմից, վախճանվեցավ 1828 թվին և նրա հետ վերջացավ Աղուանից կաթողիկոսությունը: