Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչ թե Փարիզում կամ Նոր Նախիջևանում, այլ Պարսկաստանում)։

Նույն լոգիկայով Շեքսպիըը Ցագո է, իսկ Գյոթեն` Մեֆիստոֆել։

Ես ինձ համար փառք կհամարեի և կպարծենայի դրանով, եթե իրավ (ինչպես կամենում է Սիմոնյանցը) ես Սավրա գյուղացի լինեի, որտեղից դուրս են եկել խաչագողները։ Բայց պարոնը այստեղ սուտ է խոսում, ինչպես ամեն բաներում։ Իմ հայրենական բնակարանը եղել է միշտ և այժմ Փեյաջիկը։ Այնտեղ է իմ հայրենական տունը, այնտեղ են ապրում այժմ իմ եղբայրները, իմ մայրը — այնտեղ են և իմ կալվածքները։

Կրկնում եմ, ես ինձ համար փառք կհամարեի, եթե իմ հայրը խաչագող լիներ, իսկ ես խաչագողի որդի, և իմ գրչի տակից դուրս գար «Խաչագողի հիշատակարանը»։ — Դա ինձ համար ավելի պատիվ կբերեր։ Բայց ես դժբախտություն եմ ունեցել ծնվել հարուստ և ազնվական ծնողներից։

Եթե որևիցե անձի արժանավորությունները (Սիմոնյանցի լոգիկայով չափվում են նրա ծագումով և նրա տոհմային հատկություններով, թող ներվի ինձ փոքր-ինչ անցնել համեստության աահմանը, և ասել, որ ես իմ հայրենիքում այնպիսի բարձր դիրք ունեի, որ բավական բարձր դրություն ունեցող մարդիկ իմ դռանը նոքարություն էին անում։ Ես մի ամբողջ գավառի հայ ազգաբնակության պետը և ներկայացուցիչն էի, իմ ձեռքի տակով էին անցնում ազգային բոլոր նշանավոր գործերը։ Իսկ իմ հայր Մելիք-Միրզաբեկը, Թիֆլիսի պարսկահպատակ վաճառականների թաջիրբաշի էր, միշտ հարգված արքունի խալաթներով և շքանշաններով։ Մեր ազնվականության տոհմային հրովարտակները, իրենց բոլոր արտոնություններով, նորոգվեցան պարսից ներկա շահի նոր շնորհված բարձրագույն ֆիրմանով։

Ես այս բոլորին մի առանձին նշանակություն չեմ տալիս. ես ինձ այժմ բախտավոր եմ համարում, որ տխուր հանգամանքները ինձ ցած գլորեցին իմ բարձրությունից և ձգեցին մի այնպիսի ասպարեզի վրա, ուր կարող եմ գործել, աշխատել իմ աղքատ գրականությունը հարստացնելու համար։

Կրկին դառնանք դեպի խաչագողները։ Ես այս կետի վրա պետք է փոքր-ինչ ավելի կանգնեմ, որպեսզի ցույց տամ, թե իսկապես ով է խաչագողը։