Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հեքիաթը ժողովուրդների սկզբնական բանաստեղծությունն է։ Արաբական «Հազար ու մեկ գիշերները» ուրիշ ոչինչ չէ, եթե ոչ հեքիաթների մի ամբողջ հավաքածու։ Մի՞թե նրանը մեջ չէ փայլում արաբացու վառ երևակայությունը իր բանաստեղծական և գեղարվեստական սքանչելի գույներով։

Գեղարվեստը ճանաչելու, գեղարվեստը գնահատելու համար պետք է զարգացած ճաշակ, ազնիվ զգացմունք և դիտելու խորին ընդունակություն ունենալ։ Դրեցեք Ռաֆայելի «Մադոննան» կամ Այվազովսկու ծովանկարներից մեկը մի կոշտ, կոպիտ ռամկի առջև։ Նա միայն ապուշի նման կնայե և արհամարհանքով երեսը շուռ կտա։

Այսպես էլ պ. Հայկունին դատում է իր անձնական տպավորությունների ներգործության ներքո, առանց հիմնվելու արվեստի և գրականության մեջ ընդունված պայմանների վրա։ Նա անխտիր կերպով գործ է ածում «գեղարվեստ», «Պառնասի մուսաների ստեղծագործություն», «գեղարվեստական տաճար» բառերը, խոհեմությամբ լռելով, թե ի՞նչ է հասկանում այդ փքած բառերով։ Ցանկալի կլիներ, որ պարոնը փոքրիշատե ցույց տար, թե գեղարվեստի ո՞ր օրենքներով է առաջնորդվում ինքը, որ «Կայծերը» զուրկ է գտնում այդ արժանավորությունից։ Անդադար հեքիաթ հեքիաթ կոչելով, հարցը վճռված չէ կարելի համարել։ Կրկնում եմ, ցանկալի կլիներ, որ պարոնը փաստերով ապացուցաներ իր կարծիքը, դրանով փոքրիշատե կծանոթանայինք նրա գիտության հետ, թե ո՞ր աստիճան ծանոթ է նա կամ հասկանում է գեղարվեստի նշանակությունը և որքա՞ն ուսումնասիրել է ազգերի գրականությունը ընդհանրապես, և մերը առանձնապես։

Բայց չնայելով իր բոլոր զգուշությանը, իր տգիտությունը Երևան չհանելու համար, մի տեղում պ. Հայկունին իր գրչից դուրս է թռցրել մի քանի բառեր, ասելով. «Գեղարվեստը գտնվում է ոչ թե երևակայական, ռոմանտիկական, այլ իրական կյանքում ու աշխարհում։ Այդ մի քանի բառերով պ. կրիտիկոսը թեև ցույց չէ տալիս գեղարվեստի նշանակությունը, նրա թեորիան, նրա հիմնական օրենքները, բայց գոնե ցույց է տալիս նրա տեղը։ Եթե ես լռեմ, երևի, բոլոր ռոմանտիկները, սկսյալ Ժան—Ժակ (հուսով է մինչև Վիկտոր Հյուգոն, կբողոքեին, եթե լսեին, որ պ. Հայկունին այսպիսի կարծիք ունի նրանց մասին։

Ես շարունակում եմ խոսել պ. Հայկունու գրելու ձևի վրա։