Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որովհետև պ. Հայկունին պահանջում է, պետք է ցույց տալ, որ սկսլալ սուրբ Գրիգոր Լուսավորչից մինչև նրա տոհմի վերջին ժառանգը, Սահակ Պարթևը, հայոց կաթողիկոսների մի ամբողջ շարք ամուսնացած էին, կին և որդիք ունեին, մինը մյուսից հետո ժառանգում էին հայրապետական աթոռը որդին հաջորդում էր հորը։

Բայց որովհետև պ. Հայկունին պատմական մի մեծ սխալ է համարում այդ, նրա պարտավորությունն է այդ երկուսից մեկը ապացուցանել կամ ցույց տալ, որ վերև հիշված կաթողիկոսական ամբողջ սերունդը ամենեին ամուսնացած չէ եղել, և կամ, եթե ամուսնացած էին, նրանք հայրապետական աթոռը նստելուց հետո օրինապես բաժանվեցան իրանց ամուսիններից: Դրանով պ. Հայկունին մի նոր գյուտ արած կլիներ մեր եկեղեցական օրենքների մեջ, որ ապահարզանը գոյություն է ունեցել մեր եկեղեցու սկզբնական դարերում, որովհետև կաթողիկոսները և ամուսնանում էին և բաժանվում էին իրանց ամուսիններից։ Բայց թե «Բոքլը» այսպես է ասել, կամ այնպես է ասել,— այդ հարցի մեջ` Բոքլին դիմելու հարկ չկա, մանավանդ որ Բոքլից շատ խեր չի տեսնի պ. Հայկունին,— հարկավոր է ուղիղ դիմել հայոց պատմությանը։

Պ. Հայկունին իր կրիտիկայի մեջ մի խորամանկ ձև է բանեցնում հակառակորդի վրա մեղադրանքներ բարձելու համար։ Այդ ձևը կարող է շատ ընթերցողներին մոլորեցնել, եթե ուշադրությամբ չկարդան նրան։ Նա ուղղակի չէ դիմում հարցին, այլ ամեն ինչ սկսում է բարձր, փքված և սոֆիզմներով լի հառաջաբաններով, բայց երբ հասնում է բուն իրողությանը, փաստերին, այստեղ լռությամբ անցնում է, իսկ ընթերցողը մնում է հառաջաբանի տպավորության ներքո, ինքն իրան խաբելով, թե մի ճշմարիտ բան կարդաց։

Իմ հոդվածի սկզբներում ես ցույց տվի, որ պ. Հայկունին աշխատում էր հաստատել այն կարծիքը, թե Կայծերը» պատմական վեպ չէ. թե նրա մեջ պատմական ոչինչ չկա։

Հանկարծ այդ բոլորը մոռանալով, նա սկսում է երկար երեմեականներ կարդալ, որ Րաֆֆին առանց պատմությունը ուսումնասիրած լինելու, հանդգնում է պատմական վեպեր գրել։ Ես կբերեմ նրա սեփական խոսքերը։

Պատմությունը, ևս առավել նրա ժամանակագրական մասերը գրելը, պ. Րաֆֆի «Խենթեր» ու «Կայծեր» գրելու նման հեշտ բան