Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այժմ համառոտ կերպով ցույց կտամ, թե ի՞նչ կարծիք է հայատնում դրանց մասին «Կայծերի» հերոսներից մեկը, Ֆարհադը։

Նկարագրելով «Խեղճերի» թշվառ դրությունը իր բոլոր սարսափելի գույներով, Ֆարհադը որ միտքն է հայտնում.

«Տիրամոր վանքի այս ավանդությունները և սովորությունները խիստ խորին կապ ունեին մեր պատմական անցյալի հետ, այնժամ տնակների հետ, երբ Ներսես մեծը Տիրանի որդի Արշակի օրերով Հայաստանում հիմնեց բազմաթիվ վանքեր, նրանցից շատերը ծառայում էին որպես բորոտների և հաշմանդամների պատսպարաններ։ Ժողովրդից հեռացած այդ ախտավոր հասարակությունն ապրում էր առանձին վանքերի մեջ, ուր նրանց խնամք էին տանում։ Բայց այդ մարդասիրական սովորությունը, ժամանակների հետ փոխվելով, ստացավ բոլորովին ուրիշ նշանակություն և ժողովրդի սնահավատությունը տվեց նրան մի այլ կերպարանք» (369)։

Հետո խոսում է, թե ինչպես այդ բորոտները և հաշմանդամները այժմ համարվում էին ս. Տիրամայրից պատժված թշվառներ նրանց ժողովրդի մեջ ման ածելով, վանքի սպասավորները տարածում էին Աստվածամոր սարսափը և փող էին հավաքում և այլն։

Մեր ժողովրդի մեջ համարյա ամեն տեղ կա այդ նախապաշարմունքը, որ հայտնի հիվանդություններ համարում են այս և այն սուրբից կամ խաշից ստացված, որպես պատիժ, և տանում են հիվանդներին նույն սուրբերի ուխտատեղիները բժշկություն գտնելու համար։

Իսկ նկարագրելով «ընկավորներին», թե որպես այդ մարգարե կանայք, բերանները փրփրած, խելագարի նման զանազան պատգամներ են կարդում և ուխտավորների համար գուշակություններ են անում,— Ֆարհադը, այդ բոլորից հետո, նրանց համեմատում է հին պիֆիաների հետ, ասելով, «Կարդալով վերջին ժամանակներում Հունաստանի պատմության մեջ օլիմպիական, դելֆյան Ապոլլոնի և սպանդարամետական տոների մասին` միշտ ես հիշում եմ իմ ուխտագնացությունը և սուրբ Տիրամոր վանքը։ Ես հիշում էի նրա տոնախմբությունը, ուր սկսյալ խորին հեթանոսությունից, ժողովրդի հոգու մեջ մտած նախապաշարմունքները արտահայտվում էին իրանց բոլոր նախնական կերպարանքով։ Ես երևակայում էի իմ մտքում միշտ մի այսպիսի պատկեր — քրիստոնեությունը հայտնված քուրմի զգեստով» (370)։