Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայրենի երկիրը, կամ աշխարհի երեսին մի կտոր հող գտնեք և բնակվել նրա վրա — ազգովին։

— Աշխարհի երեսին մի կտոր հո՞ղ,— նրա խոսքը կտրեց օրիորդը քնքշությամբ.— բայց Ռուստամ, իմ կարծիքով, մի տունկ չի զորանալու իր կլիմայից դուրս՝ օտար հողի վրա մեր հայրենիքի սուրբ հո՛ղը, սուրբ ջո՛ւրը և սուրբ օ՛դը միայն կարող են զորացնել հայոց որ դիքը, ուժ, կյանք և հոգի ներշնչել նրանց երակներում։

—Հա՛, իմ նազելի,— կրկնեց պատանին.— ես գաղթականություն չեմ քարոզում, ես մեր սիրելի եղբայրներին չեմ առաջարկում նոր Հոլանդիայի ափերը և Յապոնիայի կղզիները... Իհարկե պանդխտի վիճակը ցավալի է — նրա աչքը չէ չորանում արտասուքից, նրա սիրտը միշտ կոտրած է, մանավանդ երբ նա ապրում է ուրիշի դրոշի տակ, կամ թե մի այնպիսի եգիպտական ծառայության և մի այնպիսի փարավոնյան գերության մեջ, որպես մենք...։ Եգիպտոսի բռնակալը Իսրայելի արուները հրամայում էր գետը նետել, բայց մեր կանայք, մեր սիրուն֊սիրուն մատաղահաս աղջիկները իրանց պատվով, իրանց մաքուր կուսությամբ՝ զոհ են գնում մեր բռնակալների հեշտախոսությանց[1]...։

— Մի Մովսե՛ս պետք է, իմ սիրելի,— ասաց օրիորդը անձկանոք.— մի Մովսես, որ առաջնորդեր գերիները դեպի նոր թանան։

— Չէ՛, Սալբի, իմ կարծիքով աստված այժմ դադարել է հրաշք գործելուց, մեզ մնում է — առաջնորդ ընտրել մեր բանականությունը, մեր խելքը, և իմացական լուսավորության հրեղեն սյունը մեր առջևից տանել, մեր ազգայնությունը, մեր կրոնը և մեր լեզուն պահպանելու և աշխարհի երեսին իբրև մարդ ապրելու համար — ձեռք բերել մեր հայրերից անիրավությամբ հափշտակված հողերը, որոնց վրա մենք և մեր որդիքը կարող էինք ազատարար արմատ ձգել, աճել և զորանալ։

— Ա՜խ, երանի՜ էր այն ժամանակ,— բացականչեց օրիորդը լի զգացողությամբ, բայց հնարավոր կլինի՞...։

  1. Պարսկաստանի մեջ խիստ զգալի է մի մոր արածը յուր սիրուն աղջկան Խանի ներքինիները գյուղե գյուղ ման են գալիս, սիրուն աղջիկներ գտնելու, մայրը մուր քսելով աղջկա երեսին աշխատում է տգեղացնել նրան, որպեսզի ներքինիներին հավանելի չյինի։ «Հո՜ղը քո գլխին, նույնիսկ այդ մուրի տակ քո երեսը չի կորցնում յուր գեղեցկությունը»,— կրկնում է մայրը տհաճությամբ և սկսում է ածելիով կտրատեք և այլանդակել աղջկա թշերը։ Ցավալի դրություն։ Մայրերը ուրախ են՝ երբ նրանց դստերքը ծնվում են հաշմանդամ և արատավոր կազմվածքով...: