— Իմ որդիս, մահտեսի Ավետիսը,—շարունակեց պառավը,— թեպետ տիրոջ սպասավորների վրա մի փոքր սառն աչքով է նայում` բայց դուք, տեր հայր, պետք է ներեք, նրա սիրտը շա՛տ բարի է։
— Ամեն ինչ կարելի է ներե՛լ, բայց միանգամայն անտանելի է այն` որ Մահտեսին չամչի արաղը մինակ մինակ գաղտուկ խմում է, ամենևին չմտածելով մի սրվակ տերտերին բաժին հանել, բայց մի այսպիսի չար ժամանակ, ո՞վ է քահանային պատիվ դնողը, երբ նա նրանց պետք չէ... այն ժամանակ են տերտերին միայն մտաբերում, երբ մինին պսակ, կնունք կամ թաղում է պատահում։
— Դրանում իրավունք ունիք, տեր հայր, — հաստատեցին մի քանի հոգի։
— Չէ՛, հանաք եմ անում, — խոսքը փոխեց տեր Մարկոսը,— ես իմ ժողովրդի լիությունն ու հանգստությունը կուզեմ։
— Հավատա՛, տեր հայր, — մի փոքր սիրտ առած խոսեց մահտեսի Ավետիսը. — եթե ամեն օր հազար անգամ փառք տամ աստծուն, դեռ բավական չէ։ Ձեր սուրբ աղոթքով ի՞նչս է պակաս։ Ծառադ (Ռուստամը) հասել է, աստված մի կտոր հաց է բաշխել, կարոտություն չունիմ, այլևս ավելի ո՛չ մի բան չեմ խնդրում աստծուց, միայն թե դուք և մեր բարի դրացիքը կենդանի լինեք, որ միասին ուտենք, խմենք և փառք տանք տվողին, մինչև նա ևս յուր ավանդը հետ առնե այնուհետև, ի՞նչ ես տանելու այս փուչ աշխարհից, ողորմելի մարդ... երկու բանից մինը—բարի կամ չար գործ։
— Հա՛, բարի կամ չար գործ և մի քանի բուռն հող,— ձայն տվեցին մյուսները։
Մյուս քահանան, տեր Մարուքը, որ լուռ, ականջները կախած, չէր խոսում, մեջ մտավ այս խոսքերով.
— Իհա՛րկե, իհա՛րկե, դո՛ւք, որ կաք` մեր ավազանից ծնված