Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քրդերի ավելի քան երկու հարյուր ձիավոր էին, նրանք կռվում էին զարհուրելի կատաղությամբ։ Բայց մեր քաջերից ամեն մինը մի ասլան էր դարձած. ես զմայլած էի ուրախությունից, չէ՞ որ, Սալբի, երկար ժամանակ է, որ կռվում չէի եղած։ Ամբողջ մի քանի ժամ տևեց կռիվը, որ և վերջացավ մեր հաղթությամբ։ Մենք թափեցինք ավարը, խլեցինք ավազակներից ձիաներ և զենքեր, սպանելով նրանցից տասներեք հոգի, մյուսները վիրավորված` բոլորը փախան։ Բայց մեր ընկերներից սպանվեցավ միայն Մուրադի որդի Քյալաշը և հինգ հոգի էլ ստացան անվնաս վերքեր։

«Դու չես տխրելու, Սալբի, լսելով, որ ես մի թեթև վերք եմ ստացել աջ թևիս, դու կմտածես, որ անվնաս է դա, որովհետև այժմ համարձակ դրում եմ քեզ։ Բայց հայտնիր, խնդրեմ, մըստր Սեյսունին թող ուղարկե իմ և ընկերներիս համար մի փոքր սպեղանիք։

«Բայց, իմ սիրելի, մի զարմանալի անցք, որ պատահեցավ կովի մեջ, մինչև այժմ որքան մտածում եմ, չեմ կարողանում ոչ մի կերպով մեկնել ինձ։ Դու դիտես, սնահավատությունն ինձ համար ծիծաղելի բան է, դու գիտես, ես ամեևին չեմ հավատում այն գերբնական կամ աներևույթ կոչված զորություններին։ Բայց և այնպես, այդ գաղտնիքը մնում է ինձ համար անլուծելի, թե ի՞նչ էր այն, որ պատահեցավ ինձ...։ Մի ահարկու քուրդ, դարան մտած քարի հետևում, ուղղեց դեպի ինձ յուր հրացանը, յոթն այլ քրդեր պաշարեցին իմ բոլորտիքը, վտանգը հեռու չէր ինձանից...։ Հրացանները ճայթեցին, ես կորա ծխի մեջ... բայց ի՞նչ էր այն, չգիտեմ... թե որպիսի աներևույթ ձեռք ազատեց ինձ... մին էլ աչքս բաց եմ անում, տեսնում եմ` որ իմ ձիու վրա գտնվում եմ ավելի ապահով տեղում, իմ ընկերների մեջ, որոնք, ինձ միայնակ թողնելով, հեռացել էին դեպի քարափի մյուս կողմը... թող մնա այդ, գուցե ծիծաղես ինձ վրա, Սալբի, թե երկյուղը ծնուցել է իմ գլխում երևակայական ցնորք, դառնանք դեպի մեր խոսքը։

«Ահա՛ այդպես, իմ նազելի, նայիր, թե կրթությունն ինչ հրաշքներ է գործում մի անուս ռամիկ ամբոխի վրա, և դու կտեսնես, թե մարդիկ միօրինակ ստեղծվածներ են, թե նրանց մեջ մինը չկա, որ ստեղծված լինի «անոթ ընտրության» և մյուսը «անոթ ապականության»։

«Ես իմ ընկերների մեջ ազգային սերը զարթեցնելու համար, բացի այլևայլ հնարքներ գործ դնելը, ուսուցել եմ նրանց մի քանի ազգային երգեր։ Նրանք խորին ոգևորությամբ երգում են «Ա՜խ, թե իմ ալևոր հերքս սևնային» սքանչեչի երգը։