— «Կախարդը» սկսել է յուր գործողությունը...— պատասխանեց հեգնորեն Զեյնաբ-խանումը։
— Ի՜նչ ծիծաղելի դեր եմ խաղում ես։
— Այդ ուղիղ է, դու վաղուց կախարդել ես իմ սիրտը... Ահարկու մռնչյունները կրկնվեցան։
— Չար ոգիների պատերազմը սկսվեցավ,— ասաց ներքինապետ Հեյդարը, որը կանգնած հարեմխանայի դռանը լսում էր այդ ձայները։ Նա զարհուրելով փախավ, փակվեցավ յուր սենյակում, սկսավ աղոթել և «բ'իսմուլլահ» կարդալ։
— Սալման, լսի՛ր, ի՛նչ սարսափելի ձայներ են հանում դևերը,— ասաց վազելով պատանի շիրազցու մոտ Ֆերուզը.— փախչենք, սիրեկան, փախչենք այս տեղից։
Նրանք վազեցին դեպի յուրյանց սիրուհու սենյակը։
Մի րոպեում երկյուղը և սոսկումը տիրեց ամբողջ ամրոցի վրա։ «Խե՜ղճ Զեյնաբ-խանում,— ասում էին հարեմներից շատերը,— հիմա դևերը կխեղդեն նրան...»։
— «Կախարդը նրա մոտ է,— պատասխանում էին մյուսները։
— «Ի՞նչ կարող է անել կախարդն այդքան դևերին, լսի՛ր։ Հուրի, ի՛նչ շատ են նրանք։
— «Կախարդը կարողություն ունի հալածել բոլորին։
— «Խե՜ղճ Զեյնաբ-խանում, ի՛նչպես չէ տրաքում նրա սիրտը։
— «Ես այստեղ դողում եմ...— կրկնեց մի սևաչյա հարեմ։
— «Ձայները լռեցին,— խոսեց Հուրին։
Այդպես խոսում էին միմյանց մեջ հարեմները։ Իսկ Զեյնաբ-խանումի սենյակում «կախարդն» յուր դյութական գործողության մեջն էր...
Գիշերն աննկատելի կերպով անցավ։ Արշալույսը սկսել էր շառագունիլ, երբ «կախարդը» հեռացավ ամրոցից, առանց ոչ ոքին տեսանելի լինելու։
Սայիդը և Մարջանն, որոնք ամբողջ գիշերն անքուն էին մնացած, նոր գնացին հանգստանալու։
Արեգակը բավականին բարձրացել էր հորիզոնի վրա։ Վաղորդյան զեփյուռը փչում էր ջերմ — կուսական շնչով և ծառերի տերևները թրթռում էին, գրկախառնվում էին և պաչպչվում էին միմյանց հետ։