— Եթե իմ տիկինը հավան է այդ մտքին,— կրկնեց Մարջանը,— կարող ենք կատարել իսկույն։
— Իսկ դու, Մարջան, կարծում ես կասկածելու այստեղ ոչի՞նչ չկա,— հարցրուց Ջեյնաբ-խանումը երկբայությամբ։
— Ամենևին։ Իշխանը մի շաբաթով որսի է գնացած, կարելի է ավելի տևե։ Հարեմներից ամեն մինը ձեզ նման մի «սրտացավ» ունի... նրանք յուրյանց զվարճությունների ետևից են ընկած։ Իսկ ներքինապետն անդադար աղոթք է կարդում, որովհետև վախենում է ամրոցում գոյացած դևերն յուրյան չխեղդեն։
Զեյնաբ-խանումը բոլորովին համոզվեցավ խափշիկի խոսքերից։ Նա հարցրուց.— ես կարող եմ մի քանի օր մնալ Սալոմեի տանը։ Այդպես չէ՞, Մարջան։
— Իմ տիկինը մինչև քառասուն օր ազատ է։
— Ուրեմն դու կարգադրե Սայիդի հետ, որ նա հարկավոր զգուշությունները գործի դնե մինչև քո վերադառնալը։
— Բայց պետք է առաջ հագցնել ձեզ։
— Այդ ուղիղ է։
Աղախինը սկսավ կախարդի հագուստով զգեստավորել յուր տիկնոջը։ Քանի րոպեից հետո Զեյնաբ-խանումը նայեց յուր վրա և ասաց.
— Բաղդադի կախարդներն երբեք չեն ունեցել մի այդպիսի կերպարանք...
— Եվ ոչ Սուլեյմանն յուր բոլոր զորությամբ...— կցեց խափշիկը։
Մարջանը դուրս գնաց նախասենյակը Սայիդին հարկավորված պատվերները տալու։ Նախ և առաջ համառոտ կերպով պատմեց յուր առավոտյան խոսակցությունը ներքինապետի հետ։ Հետո հայտնեց յուր նոր կարգադրությունը Զեյնաբ-խանումի մասին։
— Հիմա ականջ դի՛ր Սայիդ։
— Սայիդի ականջները քո խոնարհ ծառաներն են,— պատասխանեց եթովպացին։
— Այդ նախասենյակումը կանգնած կմնաս որպես քարե արձան։
— Կանգնեցա,— պատասխանեց Սայիդը և ձգվեց փայտի պես։
— Թո՛ղ հանաքը։ Լսի՛ր, ոչ ոքին չես թողնի խանումիդ սինյակը մտնի։
— Ճանճն էլ չի համարձակվի մտնել։
— Շատ լավ։ Ես այս րոպեիս տանում եմ «կախարդին» ճանապարհ