Ե
Անցավ մի քանի շաբաթ։
Երեկոյան մութը բավականին թանձրացել էր։ Մի երիտասարդ բահը ուսին դառնում էր դաշտեն։ Նրա գեղեցիկ կերպարանքը, ամբողջ օրվա հոգնածությունից հետո, դարձյալ արտահայտում էր ուրախություն և հրճվանք։
Նա գալիս էր այգիների միջով, երեկոյան հովասուն տարածության մեջ լսելի էր լինում նրա քաղցր երգի հնչումները։
|
Վերջացնելով յուր երգը, երիտասարդը մոտեցավ մի այգիի, բահը նեցուկ դրեց պատին, և վագրի արագությամբ վեր թռավ պատի վրա, իջավ այգիի մեջ։
«Նա ամեն երեկո այստեղ տեսնվում էր ինձ հետ, գնամ, գուցե գտնեմ հրեշտակիս»․․․— ասաց նա ինքն իրան, և առաջ գնաց։ Երկար նա այգիում պտտելուց հետո չգտավ յուր սիրուհուն, հուսահատ դուրս գնաց։
Մտնելով գյուղը, երիտասարդը անցավ մահտեսի Հակոյի տան առջևից։
Նա զարմացավ, լսելով այնտեղից երգի ու ուրախության ձայներ։
— Այդ ի՞նչ խաբար է,— հարցրուց նա, հանդիպելով մահտեսի Հակոյի որդուն՝ Ստեփանին։
— Չե՞ս լսել, Ալեքսան, մեր Հռիփսիմին նշանում են,— պատասխանեց Ստեփանը տխուր դեմքով։
Կայծակի հարվածք ունեցավ այդ լուրը խեղճ երիտասադի վրա։
— Ո՞ւմ համար,— հարցրուց նա։
— Մեր մելիքի։
Երիտասարդը կատաղեցավ։