— Նա դեռ կենդանի է․․․։
Եվ գրկեց նրան։
Երիտասարդը զարթեցավ։
— Աստված իմ,— գոչեց նա րոպեական շփոթությունից հետո,— ինչ եմ տեսնում․․․ այդ երազ է․․․
—Ալեքսան, իմ հոգիս,— ձայն տվեց եկվորը։
—Ստեփան, իմ հրեշտակ,— ձայն տվեց երիտասարդը։
Սրանք կրկին գրկախառնվեցան։
Տիրեց հիացմունք և լռություն։
— Ո՞րպես դու մտար այստեղ, իմ բարեկամ,— հարցրուց Ալեքսանը մի փոքր զգաստանալուց հետո։
— Ես կաշառեցի պահապանին, և նա թող տվավ ինձ քեզ մոտ գալ,— պատասխանեց Ստեփանը, նստելով երիտասարդի մոտ։
— Դու եկար տեսնե՞լ իմ թշվառությունը․․․
— Ոչ, Ալեքսան, ես եկա ազատել քեզ, որովհետև ես զգում եմ, որ իմ քույրը եղավ քո բոլոր թշվառության պատճառը․․․
— Չէ՛, Ստեփան, իմ սիրելի, մի՛ նախատեցեք նրան, Հռիփսիմեն անմեղ է, որպես երկնքի հրեշտակը, նա հավատարիմ․․․ մնաց յուր խոստմունքին․․․ նա սիրում էր ինձ․․․ ես սիրում էի նրան... բայց քո ծնողաց բռնաբարությունը մեզ րկեցին միմյանցից․․․
— Դու չլսեցիր իմ խրատը, Ալեքսան։
— Սերը, իմ բարեկամ, հասցնում է մարդին մինչև կատաղություն և ցնորք․․․։ Ես ցանկացա իմ սրով վերջ տալ գործին, բայց ինձ չհաջողվեցավ․․․
— Այդ բոլորը անցել են, Ալեքսան, լսի՛ր, ինչ որ ասում եմ քեզ, ես կաշառել եմ պահապաններից մինին, նա խոստացել է էգուց գիշերը բաց թողնել քեզ. ես և Հռիփսիմեն կսպասենք քեզ ամրոցի մոտ։ Պահապանը քեզ մեր մոտ կբերե։ Այնտեղից մենք կփախչենք օտար երկիր։
Ալեքսանի մռայլված դեմքը փայլեցավ ուրախության լուսով և նա գրկեց Ստեփանին, գոչելով.
— Իմ հրեշտակ, իմ փրկիչ։
— Բավական է, ես ուշանում եմ, էգուց գիշեր կտեսնենք միմյանց։
Նրանք բաժանվեցան։