— Դու, Ջաբար,— ասաց նրանցից մինը հազիվ լսելի ձայնով, դու հայերեն իմանում ես, մոտեցիր դռանը, թխկացրու, և ձևացրու քեզ, որպես թե Ղազարն ես, որին քանի րոպե առաջ ձորը գցեցինք։
Ջաբարը դիմեց դեպի խրճիթը։
— Իսկ դուք, Ապպաս, Նասիր,— ասաց միևնույն ձայնը,— դռանը հսկեցեք, եթե օքմին գալու ինի, ձեր խենջարներով իսկույն կհանգստացնեք։ Սոնան լսեց դռան թխկթխկոցը։ Նրա ամբողջ մարմնի մեջ դող ընկավ։
— Ո՞վ է,— ձայն տվեց նա։
— Բա՛ց արա,— լսելի եղավ, կարծես թե, Ղազարի ձայնն էր:
Սոնան ուրախությամբ բաց արավ դուռը, բայց սարսափը տիրեց նրան, երբ խրճիթում հայտնվեցավ մի մարդ ոտքից գլուխ փաթաթված սև վերարկուի մեջ։ Նա ձգեց իրանից վերարկուն և կինը իսկույն ճանաչեց Բիզա—բեկին։
— Ես հույս ունեմ, որ դու այնքան բարի կլինես, Սոնա, որ լավ կհյուրասիրես քո գիշերային այցելուին,— ասաց նա դառնալով դեպի կինը։
Սոնան թեև դողում էր զարհուրանքից, բայց հավաքելով յուր բոլոր ուժը, պատասխանեց.
— Դուք ի՛նչ գործ ունեք գիշերային այդ ժամուն, միայնակ, անտեր կնոջ խրճիթում։ Երիտասարդը ավելի մոտեցավ նրան։
— Սերը, Սոնա, սերը, գիտե՛ս ինչ բան է, սերը բերավ ինձ այստեղ։
— Սե՜րը... — կրկնեց կինը պինդ ձայնով,— սերը բերավ քեզ այն կնոջ խրճիթը, որ սաստիկ ատում է քեզ։
— Ինձ... դու... ատում ե՞ս... ի՞նչ առիթ ունեիր ինձ ատելու։
— Առիթներ շատ... դու խաբեցիր իմ ամուսնուն և ծանր պարտքի տակ գցեցիր նրան, դու ստիպեցիր նրան թող տալ յուր ընտանիքը խղճության մեջ և դեպի օտար աշխարհ դիմել։
— Այդ բոլորը ես արեցի դարձյալ քո սիրո համար... ես արեցի, որ կարողանամ նրան հեռացնել քեզանից...
— Հեռացնել նրա՞ն, որին երբեք ես չեմ կարող մոռանալ։
Երիտասարդը երկար չխոսեց, մոտեցավ, գրկեց յուր զոհին:
Բայց կինը սարսափելի արիությամբ խլեց պարսկի խենջարը և խրեց նրա կուրծքի մեջ։ Նա թավալվեցավ գետնի վրա։ Իսկ Սոնան,