Նինուցին Նատոյի միակ ընկերուհին էր, որի հետ նրանք շատ անգամ մասլահաթներ էին անում, թափում էին իրանց սրտի դարդերը և մխիթարում էին մեկ-մեկու։ Այդ երկու աղջիկներն ոչինչ գաղտնիք չունեին միմյանցից։
Նույն ավուր երեկոյան պահուն Նինուցին կանգնած էր իրանց տանիքի վրա, որ կից էր Շուշանենց կտուրին և նայում էր դեպի փողոցը։ Նա անցավ Շուշանենց կտուրը, տեսավ Նատոյին իրանց բակումն, երբ ջրով սրսկում էր նա յուր ծաղիկները։
— Նատո, Նատո,— ձայն տվեց նա։
Նատոն վեր նայեց, տեսավ Նինուցին էր։— Ի՞նչ է,— հարցրուց օրիորդը։
— Դեդեդ տա՞նն է։
— Տանը չէ՛։
— Ապա ո՞վ կա ձիր տանը։
— Ոչ ով չկա։
— Էստի արի՛, բանիմ ասում։
— Ի՞նչ իս ասում, էնտղանցեն ասա՛, էլի՛:
— Էստղանց չիմ կանա ասի, դե վիր արի:
Նատոն բարձրացավ յուր ընկերուհու մոտ:
Արեգակի վերջալույսը դեռ խաղում էր եկեղեցիների խաչազարդ գմբեթների հետ։ Շրջակա տների կտուրները կանաչին էին տալիս նոր բուսած խոտով։ Կտուրների վրա տեղ-տեղ արածում էին փոքրիկ ուլեր և այծեր, և նրանց մոտ մի քանի ընտանիք, դուրս գալով իրանց խեղդված տնակներից նստած կանաչ խոտերի վրա, խմում էին երեկոյան թեյը և զվարճանում էին հիանալի տեսարանով։
Նատոն նայեց դեպի յուր չորս կողմը։— Տե՛ս, Նինուցի, ի՛նչ սիրուն կանաչիլ ին կտուրները, կոսես թե, մախմուռով ըլին ծածկված։
— Հա՛, Նատո,— պատասխանեց ընկերուհին խորին համակրությամբ.— միր կտուրներին էլ միր սեյրանգահն է, ուրիշները ֆայտոնով Մուշտեիդ ին գնում, ու էնտեղ քեփ ին անում, մենք էլ միր կտուրների խոտերովն ինք ուրախանում։
— Մտիկ արա՛ , Նինուցի,— ձեռքով ցույց տվեց Նատոն,— հորեն ղազախեցի Բարբարեն, մոտին էլ իր աղջիկը չայ է շինում. էն էլ էրևնեցու հարսն է՝ նրանց մոտը նստած չայի վրա մեձրած